Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթում-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ ՀԿԵ-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջև։

Գնացքը կգործի օրը մեջ՝ զույգ օրերին կմեկնի Երևանից, կենտ օրերին՝ Բաթումից։ Երթուղին կգործի մինչև հոկտեմբերի 2-ը։ Նշված ժամանակահատվածում ժամանակավորապես կդադարեցվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը։

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է․ «Երևան-Բաթում-Երևան ուղղությունը մնում է պահանջված թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։ Ամառային սեզոնը ուղևորահոսքի տեսանկյունից ամենաակտիվ շրջանն է, և մենք վրացի գործընկերների հետ համատեղ ներդնում ենք բոլոր ջանքերը՝ ապահովելու անվտանգ, հարմարավետ և որակյալ սպասարկում։ Բացի այդ, ամառային ամիսներին կգործի նաև Երևան-Սևան-Շորժա ուղղությամբ էլեկտրագնացք, որը նույնպես մշտապես պահանջված է»։

Հանդիպմանը մասնակցել են նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, ովքեր պատասխանատու են սահմանային անցակետերով քաղաքացիների մուտքի և ելքի վերահսկման գործընթացի համար։ Քննարկվել են սահմանային և մաքսային ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները, որոնք կդյուրացնեն սահմանահատումը երկաթուղային տրանսպորտով։

Քննարկվել է նաև ՀԿԵ շարժակազմի հիման վրա զբոսաշրջային գնացքի գործարկման նախագծի հարց՝ չեխական «Gepard Express» ընկերության նախաձեռնությամբ, որը նախատեսում է գործարկել զբոսաշրջային գնացք՝ 3 օր Հայաստանով և 6 օր Վրաստանով, հիմնականում՝ եվրոպացի զբոսաշրջիկների համար։

Երևան-Բաթում-Երևան միջագային գնացքն իր կազմում կունենա ժամանակակից վագոններ՝ երեք դասի՝ պլացկարտ, կուպե և ՍՎ։ Ճանապարհի տևողությունը կկազմի մոտ 16 ժամ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Հայաստանի և Վրաստանի գլխավոր երկաթուղային կայարաններում, ինչպես նաև առցանց՝ www.railway.am կայքի միջոցով։

223