
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը անկեղծորեն ձգտում է կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ դրա համար որպես ամուր հիմք դիտարկելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված եռակողմ համաձայնագրերի համալիրը։
«Դուք միշտ կարող եք հույս դնել մեր աջակցության վրա՝ թե՛ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով մարդասիրական խնդիրների լուծման հարցերում»,- ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով՝ Մոսկվան նաև զգալի ներուժ է տեսնում տարածաշրջանային համագործակցության զարգացման մեջ «3+3» հարթակում, որը միավորում է Հարավային Կովկասի երկրները և նրանց անմիջական հարևանները։