

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մայիսի 22-ին, Կառավարության նիստի ընթացքում Սուրեն Պապիկյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ, և 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։
Նախարարը իր խոսքում նշեց, որ նախագիծը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանինն է․ «Հավելեմ, որ նախաձեռնությունը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանինն է, և այն քննարկում է անցել միջգերատեսչական հարթակում, անցել է նախարարական կոմիտեով, և, ըստ այդմ, ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները. կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ և 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ: Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը և դիմումների ներկայացման կարգը: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ նկատմամբ 15 մլն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում»:
Նա հավելեց, որ նախագծի նպատակն է համալրել զինված ուժերը։ Պապիկյանի խոսքով՝ նույնիսկ մեկ ամիս ծառայած երիտասարդը տիրապետելու է զենքին և ընդգրկվելու է պահեստազորում։
Նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։