
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում կմեկնարկի նրա անվան 21-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային մրցույթի նպատակը երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների բացահայտումն ու Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության հանրահռչակումն է։
Բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, կներկայացնի Արամ Խաչատրյանի սիրված ստեղծագործությունները՝ հատվածներ «Սպարտակ» բալետից, Ջութակի կոնցերտը (մենակատար՝ ջութակահար Նին Ֆեն)։
Մրցույթին այս տարի կմասնակցի նախնական փուլում ժյուրիի կողմից ընտրված 18 դիրիժոր աշխարհի 12 երկրից՝ Ֆրանսիա, Արգենտինա, Հայաստան, ԱՄՆ, Հարավային Կորեա, Լատվիա, Թայվան, Ավստրալիա, Չինաստան, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա։
Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեցող Ջորջ Փեհլիվանյանը, Վահագն Պապյանը, Դերրել Էնգը, Նի Ֆենը, Վասիլի Սինայսկին, Ռուբեն Ջաիսը, Պյոտր Սուլկովսկին։ Ժյուրին կնախագահի անվանի դիրիժոր Վասիլի Սինայսկին, որը ղեկավարել է աշխարհի առաջատար նվագախմբերն ու օպերային թատրոնները, ինչպես նաև զբաղեցրել կարևոր պաշտոններ հեղինակավոր երաժշտական հաստատություններում։
Մրցույթի պարտադիր պահանջներից է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումը։
Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 12-ին՝ պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում։
Խաչատրյանական մրցույթի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia ընկերությունը։ Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC):