
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանին և շնորհավորելով կարևոր առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերություններն ու փոխհամագործակցությունն առավել կզարգանան և կընդլայնվեն:
Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև առկա բարեկամական ու բազմակողմանի հարաբերությունների խորացումն ու զարգացումը, լավագույն փորձի փոխանակմանը միտված նախաձեռնությունների խրախուսումը՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում: Մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել կրթական հաստատությունների միջև համագործակցության, ուսանողների և ուսուցիչների փոխանակման և շարժունության ծրագրերի ընդլայնման, ինչպես նաև Ուրուգվայի համալսարանում հայերենի և հայրենագիտության դասավանդման, հայագիտության բնագավառում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ուրուգվայում հայերենը որպես օտար լեզու ուսուցանելու գործընթացը, որն իրականացվում է Ուրուգվայի կառավարության՝ օտար լեզուների ուսուցման խթանման ռազմավարության շրջանակում: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայում հայոց լեզվի և մշակույթի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանն ուղղված ջանքերի համար և պատրաստակամություն հայտնել աջակցելու ծրագրի առավել ընդլայնմանն ու զարգացմանը: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը:
Հայաստանում Ուրուգվայի արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման կարևորությունը:
Ընդգծելով Ուրուգվայի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության կարևորությանը՝ կողմերը քննարկել են, մասնավորապես, ուսանողների, դասախոսների և գիտնականների ակադեմիական շարժունության ծրագրերի իրականացումը, համատեղ գիտահետազոտական նախաձեռնություններն ու կրթական ծրագրերի համատեղ մշակումը։ Անդրադարձ է եղել նաև իսպաներենի ուսուցման և տարածման ուղղությամբ հնարավոր համագործակցությանը: