Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։

Սեմինարների հիմնական նպատակն է եղել ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի ձևավորմանը։

Սեմինարներին մասնակցել է 45 երեխա, այդ թվում՝ նաև տարբեր շարժողական կամ առողջական առանձնահատկություններ ունեցող, ովքեր ակտիվորեն մասնակցել են քննարկումներին, հարցեր ուղղել փրկարարներին և ստացել սպառիչ պատասխաններ՝ ինչպես գործել վտանգի դեպքում:

Երեխաների հետաքրքրվածությունը զարգացնելու և պահելու նպատակով մասնագիտացված փրկարարների վերահսկողությամբ և օգնությամբ կազմակերպվել է նաև գետանցման վարժանք։

Վարժանքն անցկացվել է անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ մասնակիցների մեջ կային երեխաներ, ովքեր ունեն ֆիզիկական դժվարություններ։ 

Նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են երեխաների՝ անկախ իրենց կարողություններից, ինքնավստահության, փոխօգնության հմտությունների և արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունների զարգացմանը, ինչպես նաև հասարակության մեջ հավասար հնարավորությունների ապահովմանը։

119