
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովագրված արտոնյալ պարտքի վարկանիշները «Ba3» մակարդակում՝ անփոփոխ թողնելով «կայուն» հեռանկարը:
Վարկանիշը Ba3 մակարդակով հաստատելու որոշումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն աճի ներուժով, ինչպես նաև ինստիտուցիոնալ զարգացման և պետական կառավարման արդյունավետության չափավոր բարձր մակարդակով։
Միաժամանակ, որպես վարկանիշի վրա ճնշում գործադրող հիմնական գործոններ, շարունակում են մնալ աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք արտահայտվում են Ադրբեջանի հետ հարաբերություններով և Հայաստանի անվտանգության ճարտարապետության փոփոխությամբ:
Միջազգային վարկանիշային գործակալության «կայուն» կանխատեսումը արտացոլում է Հայաստանի վարկային պորտֆելի վրա ազդող ռիսկերի հավասարակշռվածությունը։ Ըստ «Moody’s» գործակալության՝ Երկրի տնտեսական հեռանկարները կարող են գերազանցել ներկայիս սպասելիքները՝ արտադրողականության ավելի նշանակալի աճի շնորհիվ։ Սա, իր հերթին, հիմքեր է ստեղծում պետական պարտքի մակարդակի նվազման և դրա սպասարկման հնարավորությունների բարելավման համար։
Գործակալության կանխատեսմամբ երկրի երկարաժամկետ տնտեսական աճը կամրապնդվի 5% մակարդակում, ինչը պայմանավորված է հիմնական կապիտալում ներդրումների ավելացմամբ և մարդկային կապիտալի որակի բարելավմամբ: