Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի հունիսի 26-ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով, համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն:

Դրանում ՀՀ Վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ մարմինների ղեկավարներին։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային կեղծիք կատարելը)։

Կատարվում է նախաքննություն։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ վարութային գործողություններ՝ համակարգչային կեղծիք կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է ձեռնպահ մնալ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ համակարգչային կեղծիք տարածելու և այդ կերպ հանրությանը մոլորեցնելու և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն իր էջում հայտնել էր, թե որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով:

 

297