
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը, Գեղամ Նազարյանն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և հանձնախմբի անդամներին:
Հանդիպմանը ներկա են եղել Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, հանձնախմբի անդամներ Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Ջեյք Աուչինկլոսը, Վինս Ֆոնգը, Ռոբերտ Մենենդեսը, Լորա Ֆրիդմանը:
Սարգիս Խանդանյանը երախտագիտություն է հայտնել հանձնախմբին` Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը նպաստելու համար: Նենսի Փելոսին, Ֆրանկ Փալոնը, հանձնախմբի անդամները վերահաստատել են Հայաստանին աջակցելու իրենց պատրաստակամությունը:
ՀՀ ԱԺ պատգամավորները կարևորել են ԱՄՆ առանցքային դերը Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում, ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության առկա բարձր մակարդակը:
Քննարկմանը մանրամասն անդրադարձ է կատարվել Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակին, խաղաղության հաստատման ճանապարհին առկա մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող քայլերին: Երկուստեք կարևորվել է Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման անհրաժեշտությունը` հանուն տարածաշրջանային կայունության և համագործակցության:
Սարգիս Խանդանյանը հանձնախմբի անդամներին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանի ողջույններն ու հրավիրել է մոտ ապագայում կրկին այցելել Հայաստան: