
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայէկոնոմբանկը, շարունակելով միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական ընկերությունների հետ սերտ և ռազմավարական համագործակցությունը, ուրախ է հայտարարել 7.5 միլիոն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագիր կնքելու մասին՝ ի լրումն այս տարի շվեյցարական responsAbility Investments AG-ի կողմից կառավարվող ներդրումային ընկերությունների հետ նախկինում կնքված 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագրի։
Համաձայնագրով ներգրավված միջոցները կօգտագործվեն Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների հետագա վարկավորման համար՝ նպաստելով տնտեսության աճին և ոլորտի մրցունակության բարձրացմանը։
Բանկը, լինելով ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստող օղակ և մատուցելով կորպորատիվ, ներդրումային ու մանրածախ ծառայությունների համալիր փաթեթ, շարունակում է իրականացնել իր հիմնական առաջնահերթություններից մեկը՝ նպաստել երկրի տնտեսության աճին միջազգային ֆինանսական կառույցների հետ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության միջոցով։
ResponsAbility-ի մասին
ResponsAbility Investments AG-ը շվեյցարական առաջատար ակտիվներ կառավարող ընկերություն է, որը հիմնադրվել է 2003 թվականին: Ընկերությունը մասնագիտացած է մասնավոր շուկաների ներդրումներում, որոնք նպաստում են ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը, կլիմայի ֆինանսավորմանը և կայուն սննդի համակարգերին՝ երեք ոլորտներ, որոնք անմիջապես նպաստում են Միավորված Ազգերի Կազմակերպության Կայուն Զարգացման նպատակների (SDGs) իրականացմանը:
2025 թվականի մարտի դրությամբ responsAbility Investments AG-ն աշխարհի տարբեր երկրներում գտնվող յոթ գրասենյակի միջոցով կառավարում է մոտ 5.5 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ, որոնք ներդրված են ավելի քան 300 պորտֆելային ընկերություններում՝ աշխարհի շուրջ 70 երկրում։