Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնում է՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի մեկնարկը տրված է, որը բաց հարթակ է նորարարության համար, այն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական նախաձեռնությունն է։

 

«Հարթակը նախատեսված է միավորելու արհեստական բանականության ոլորտի նորարարներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին, ՏՏ ստեղծագործողներին։

Չնայած այս նախաձեռնության հիմքը դրվել էր դեռևս ամիսներ առաջ, մենք սպասում էինք ճիշտ պահին, երբ տեխնոլոգիական զարգացումը, էկոհամակարգի հասունությունն ու ռազմավարական ներդաշնակությունը կհամադրվեն՝ առավելագույն երկարաժամկետ ազդեցություն ապահովելու համար։ Եվ ահա, պահը ՀԻՄԱ է։

 

Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը պարզապես հարթակ չէ, այն հստակ առաքելությամբ ձևավորված էկոհամակարգ է, որտեղ՝

 

Հեղափոխական գաղափարները բացահայտվում և կյանքի են կոչվում

 

Նորարարությունը հանդիպում է կապիտալին, մենթորությանը և իրականացման հեռանկարին

 

Տեխնոլոգիան ուղղորդվում է ծառայելու իրական աշխարհին։

Կարևոր է ընդգծել, որ համաշխարհային տեխնոլոգիական հսկաներից մեկը՝ Amazon Web Services (AWS) ընկերությունը, ինչպես նաև Եվրոպայում ԱԲ ոլորտի չեմպիոն Mistral AI ընկերությունը միացել են մեզ՝ գործարկելու Հայաստանի ԱԲ վիրտուալ ինստիտուտի հարթակը՝ աջակցելու մեր ազգային առաքելությանը և խթանելու առաջատար հետազոտությունները, նորարարությունն ու արտադրանքի զարգացումը։

 

Այս համագործակցության շրջանակում՝

 

AWS-ը կաջակցի ԱԲ վիրտուալ ինստիտուտին՝ տրամադրելով AWS լուծումների ճարտարապետների տեխնիկական փորձագիտական աջակցություն, ուսումնական ռեսուրսներ և առաջատար փորձառություն։ Այս ամենի նպատակն է խթանել արհեստական բանականության առավել լայն կիրառումը Հայաստանում՝ ամպային տեխնոլոգիաների միջոցով, ՀՀ ԲՏԱՆ-ի հետ ընդլայնված համագործակցության շրջանակում։

 

Mistral AI-ը կտրամադրի փորձագիտական աջակցություն, հասանելիություն առանձնահատուկ պայմաններով իր առաջադեմ ԱԲ հարթակին և բաց կշռային մոդելներին, ինչպես նաև՝ անվճար API (ծրագրային հավելվածների ինտերֆեյս) հասանելիություն՝ հատուկ ընտրված դափնեկիրների համար։ Սա հնարավորություն կընձեռի հետազոտողներին և ստարտափներին աշխատելու այսօրվա հզորագույն ԱԲ գործիքներով։

 

Մենք ակտիվորեն կներգրավենք բարձրակարգ մենթորների և տեխնիկական ասպարեզի խորհրդատուների՝ ծրագրի ողջ ընթացքում մասնակիցներին աջակցելու համար: Ընտրած ստարտափներն ու հետազոտողները.

 

• կստանան ճանաչում մեր ԱԲ marketplace-ի միջոցով.

• կստանան անհատական աջակցություն իրենց լուծումները տեղական և միջազգային շուկաներում ներկայացնելու համար։

 

Մենք կհասնենք այս նպատակներին քայլ առ քայլ, իսկ այսօրինակ նախաձեռնությունները լավագույնս ներկայացնում են ապագա Հայաստանի վերաբերյալ մեր երազանքներն ու ամբիցիաները։ Եվ այսպես, մենք շարունակելու ենք կառուցել կայուն և բազմազան էկոհամակարգ՝ այս նախաձեռնության շուրջ համատեղելով համաշխարհային մակարդակի փորձառությունը, ենթակառուցվածքները և մեր տեսլականը։

 

Հրավիրում ենք հետազոտողներին, ստարտափներին, ՏՏ ստեղծագործողներին` միանալու այս շրջադարձային ճանապարհորդությանը: Շուտով կհայտարարվի դիմումների ընդունման մասին, հետևեք մեր նորություններին»,- գրել է նախարարը:

89