
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ շրջանառությունից հանում է «20» խաղային համարը՝ ի հիշատակ հարձակվող Դիոգու Ժոտայի, ով օրեր առաջ ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է։ 28-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը և նրա եղբայր Անդրե Սիլվան, որը հանդես էր գալիս «Պենաֆիելում», մահացել են Իսպանիայի Սամորա նահանգում տեղի ունեցած վթարի հետևանքով, երբ նրանց մեքենան դուրս է եկել ճանապարհից և բռնկվել։
«Լիվերպուլի» որոշմամբ՝ «20» համարը դուրս է բերվում շրջանառությունից բոլոր մակարդակներում՝ ներառյալ կանանց թիմը և ակադեմիան։ «Մեզ համար կարևոր էր Դիոգուի կնոջը՝ Ռուտեին, և նրա ընտանիքին ներգրավել այս որոշման մեջ։ Սա ակումբի պատմության մեջ առաջին նման պատիվն է, որն արտացոլում է Ժոտայի եզակի ներդրումը», -նշել է սպորտային տնօրեն Մայքլ Էդվարդսը։
Դիոգու Ժոտան «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2020 թվականին և դարձել թիմի առանցքային խաղացող։ Նա օգնել է նվաճել Անգլիայի չեմպիոնությունը և գավաթը, իսկ Պորտուգալիայի հավաքականի կազմում երկու անգամ հաղթել է Ազգերի լիգան։ «Դուրս բերելով այս համարը՝ մենք այն դարձնում ենք հավերժական։ Դիոգուն միշտ կմնա մեր «20»-ը»,- ավելացրել է Էդվարդսը։
«Մենք կիսում ենք մեր երկրպագուների կսկիծը։ Այս որոշումը ցույց է տալիս մեր հարգանքը Դիոգուի ժառանգության հանդեպ, ով իր նվիրվածությամբ և տաղանդով անմոռանալի հետք թողեց «Լիվերպուլի» պատմության մեջ», - հայտարարել է ակումբի գործադիր տնօրենը։ Ժոտայի հիշատակը հավերժ կապված կլինի «կարմիրների» հետ։