
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն:
Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի խուզարկությամբ հայտնաբերված պոլիէթիլենային փաթեթում կար առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի նմանվող զանգված՝ 44 գրամից ավելի: Հայտնաբերվեց նաև գաղտնի փականով դանակ:
Տղամարդիկ ու փաստաթղթերը ներկայացվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, երկուսն էլ ձերբակալվել են:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: