Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է տարածել վերջին օրերին Երևանի որոշ հատվածներում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների վերաբերյալ: Պարզաբանումը ամբողջությամբ ներկայացվում է ստորև.

«Վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի  որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ: 

Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ ավելացել են  ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքերը, ինչը համընկել է ջրաղբյուրների ջրատվության նվազման հետ: Նշենք, որ վերը նշված վարչական շրջանները սնվում են բացառապես «Կաթնաղբյուր» ջրատարներից և տեղանքի առանձնահատկություններից ելնելով, տեխնիկապես անհնար է ջուր մղել այս տարածքներ այլ աղբյուրներից:

Հավատացնում ենք, որ «Վեոլիա Ջուր»-ը  գիտակցում է ստեղծված իրավիճակի լրջությունն ու ողջ պատասխանատվությունը: Թիմն աշխատում է շուրջօրյա, ամենօրյա աշխատանք է տանում ջրակորուստները կանխելու և այդ ջրաքանակը ևս համակարգ ներգրավելու համար: 

Ամեն մարդ իր տեղում է, մոբիլիզացվել են բոլոր ռեսուրսները, աղբյուրներից, պատկերավոր ասած, քամվում է ամբողջ ջրաքանակը: Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հավատացնում, որ ստեղծված իրավիճակը ժամանակավոր է և արվում է հնարավոր ամեն ինչ նշված տարածքներում ջրամատակարարումը հնարավորինս շուտ կարգավորելու համար»:

417