
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երբ հայրս ժամանում էր Երևան, նա կանգ էր առնում այս հրապարակին կից հյուրանոցում և սիրում էր իր պատշգամբից դիտել հրապարակը, որը լեցուն էր կյանքով և պատմությամբ: Այդ մասին Երևանի Ազնավուրի հրապարակում մեծն շանսոնիեին նվիրված արձանի բացման արարողության ժամանակ ասաց Ազնավուրի որդին, «Ազնավուր» հիմնադրամի հիմնադի րև հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:
«Շատ հուզիչ է իմանալ այն փաստը, որ այսօրվանից մեկընդմիշտ Ազնավուրը կլինի այստեղ՝ այս հրապարակում:
Հայրս սիրահարված էր Հայաստանին, սիրում էր Հայաստանը կրքոտ ձևով: Դա ոչ միայն արտացոլվում էր իր բառերում, այլև արտահայտվում էր իր գործունեությամբ: Նա կրել է Հայաստանը իր սրտի ներքո և համաշխարհային բոլոր հարթակներում: Նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը, նա հավատում էր այս երկրի մշակույթին, նա հավատում էր այս երկրի ապագային: Այդ իսկ պատճառով նա շատ խրախուսեց, որպեսզի մենք՝ իր ընտանիքը, ժամանենք և հաստատվենք, ապրենք այստեղ, որպեսզի կարողանանք շարունակել իր ներգրավվածությունը, իր պարտավորությունը, որպեսզի կարողանանք ապրեցնել և իրականություն դարձնել իր իդեալները:
Այս արձանը պատկանում է ողջ հայ ժողովրդին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք ամբողջ աշխարհում սիրել են Ազնավուրին և շարունակում են սիրել նրան»,- ասաց Ազնավուրի որդին: