
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի հասարակությունում հարստությունը անհավասարաչափ է բաշխված․ ամենահարուստ տնային տնտեսությունները (ընդհանուրի մոտավորապես տասը տոկոսը) տնօրինում են առնվազն 777 200 եվրո։
Տնային տնտեսությունների կեսն ունի 100 000 եվրո
Սա հետևում է Գերմանական տնտեսության ինստիտուտի (IW) նոր ուսումնասիրությունից, որը հիմնված է Բունդեսբանկի հարցման տվյալների վրա։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, գրում է DW-ն:
Գերմանիայում տնային տնտեսությունների միջին հարստությունը կազմում է 103,100 եվրո։ Սա նշանակում է, որ տնային տնտեսությունների կեսն ավելի շատ կապիտալ ունի, իսկ մյուս կեսը՝ ավելի քիչ։ Ուսումնասիրության հեղինակներն ընդգծում են, որ միջնարժեքն ավելի «ճիշտ» ցուցանիշ է, քան թվաբանական միջինը, քանի որ այն չի աղավաղվում ամենահարուստ գերմանացիների ծայրահեղ արժեքներով։ Հաշվի են առնվել ոչ միայն բանկային ավանդները, այլև անշարժ գույքը, մեքենաները, արժեքավոր իրերը, բիզնեսում ունեցած բաժնետոմսերն ու բաժնեմասերը՝ հանած պարտքերը։ Տնային տնտեսությունների ամենաապահովված 10 տոկոսն ունի առնվազն 777 200 եվրո և ավելի մաքուր կապիտալ ։
Որքան տարեց՝ այնքան հարուստ
Ինչպես ցույց է տալիս Գերմանական տնտեսության ինստիտուտի ուսումնասիրությունը, բարեկեցության մակարդակի ամենակարևոր գործոնը տարիքն է։ Մինչև 35 տարեկանների խմբում տնային տնտեսությունների միջին հարստությունը կազմում է 17 300 եվրո։ Միևնույն ժամանակ, 55-64 տարեկանների շրջանում միջնարժեքը հասնում է 241 100 եվրոյի. սա բոլոր տարիքային խմբերի շրջանում ամենաբարձրն է։ 75 տարեկանից բարձր մարդիկ միջինում ունեն ավելի փոքր գումար՝ 172 500 եվրո, քանի որ նրանք սկսում են ծախսել իրենց խնայածը թոշակի անցնելուց հետո։
Մասնագետները այս խզումը բացատրում են նրանով, որ կապիտալի կուտակումը տևում է տասնամյակներ։ Հաճախ հենց ակտիվ կարիերայի ավարտին է ձևավորվում ամենամեծ հարստությունը։
Անշարժ գույքը՝ հարստության գլխավոր գործոն
Սակայն IW-ի փորձագետները նշում են, որ սեփական կացարանը առանցքային դեր է խաղում կարողության ձևավորման մեջ։ Մինչև 35 տարեկանների խմբում Գերմանիայի բնակիչների 10 տոկոսից պակաս մասն է ապրում սեփական բնակարաններում կամ տներում, մինչդեռ 55-64 տարեկան տնային տնտեսությունների շրջանում այս ցուցանիշն արդեն կեսից ավելին է՝ 56 տոկոս։ Սա տարիքի հետ կապիտալի աճը բացատրող հիմնական գործոններից է։
IW-ի փորձագետները համարում են, որ առօրյա մանրուքների վրա տնտեսելը չի բերում նկատելի կուտակումների։ Ուսումնասիրության համահեղինակ, հարստության բաշխման փորձագետ Մաքսիմիլիան Շտոկհաուզենի խոսքով՝ պետությունը պետք է նվազեցնի աշխատողների հարկային բեռը։ «Եթե աշխատողները ստանան ավելի շատ «մաքուր» աշխատավարձ, դա նրանց համար խնայելու ավելի շատ հնարավորություններ կստեղծի»,- ասում է փորձագետը։
Ինչպե՞ս են հաշվել
Տվյալները հավաքագրվել են Բունդեսբանկի «Մասնավոր տնային տնտեսությունները և նրանց ֆինանսները» պարբերական ուսումնասիրության շրջանակներում, որի ընթացքում գրեթե 4000 տնային տնտեսություններ մանրամասն տեղեկատվություն են տրամադրել իրենց ակտիվների և պարտքերի մասին։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խզումը Գերմանիայի հարստության մակարդակում շարունակում է մնալ զգալի։ Բայց, միաժամանակ, նույնիսկ «միջին» տնային տնտեսություններն ունեն բավականին խոշոր կապիտալ։