
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկուշաբթի՝ հուլիսի 21-ին, ողջունել է գերմանական բիզնեսի կողմից Գերմանիայի տնտեսության զարգացման նպատակով մեկնարկած «Made for Germany» նախաձեռնության աշխատանքի առաջին արդյունքները:
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, գրում է DW-ն:
Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ հուլիսի 21-ի դրությամբ դրան աջակցել է 61 ընկերություն: Նրանք միասին համաձայնության են եկել մինչև 2028 թվականը 631 միլիարդ եվրոյի ներդրումների շուրջ:
Մերցը կողմ է ներդրումներին և՛ պետության կողմից, և՛ բիզնեսի
Ինչպես հայտարարել է Մերցը Բեռլինում դաշնային կանցլերի գերատեսչությունում նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, սա «շատ հզոր ազդանշան է երկրում տրամադրությունը փոփոխելու» համար։ «Հատուկ հիմնադրամի համար 500 միլիարդ եվրոյի շուրջ համաձայնության գալով՝ Գերմանիայի կառավարությունը ճանապարհ հարթեց՝ ապահովելու համար ավելի մեծ տնտեսական աճ և ավելի շատ ներդրումներ։ Այնուամենայնիվ, Գերմանիային անհրաժեշտ ներդրումները ոչ մի դեպքում չեն կարող ստացվել միայն հասարակական բյուջեներից»,- հավելել է կանցլերը։
Բացի այդ, նշել է կանցլերը, մեծ մասը պետք է տրամադրի մասնավոր բիզնեսը, որն էլ իր հերթին հստակ ակնկալիքներ ունի քաղաքականությունից։
Բիզնեսի ակնկալիքները քաղաքականությունից
«Made for Germany» նախաձեռնությունը ներկայացրել են Deutsche Bank-ի, Siemens-ի, Axel Springer-ի և FGS Global-ի ղեկավարները։ Դրան միացել են նաև գերմանական այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Allianz-ը, Airbus-ը, BASF-ը, Bayer-ը, BMW-ն, Bosch-ը, Eon-ը, Henkel-ը, Otto Group-ը։ Արտասահմանյան մասնակիցների թվում են Nvidia-ն, Apollo Global Management-ը, Blackrock-ը, Blackstone-ն, KKR-ը։
Հուլիսի 21-ն Բեռլինում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև Siemens-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Բուշը և Deutsche Bank-ի ղեկավար Քրիստիան Զեվինգը։ Վերջինս կոչ է արել կառավարությանը շարունակել բարեփոխումների կուրսը և խոստացել է «631 մլրդ եվրոյին ավելացնել ևս խոշոր գումար»։ Բուշը նշել է, որ քաղաքական գործիչներից սպասում է «պակաս կարգավորում, ավելի շատ ազատություն ձեռնարկությունների և ավելի մեծ տարածություն նախաձեռնությունների համար»։
«Made for Germany»-ի ներդրումները պետք է ուղղորդվեն նաև հետազոտություններին և մշակումներին, նշում է AFT գործակալությունը։ Նախատեսվում է նաև մասնակցության ավելի լայն հնարավորություններ տրամադրել միջին բիզնեսի ընկերությունների մասնավոր կապիտալին ու ստարտափներին, որպեսզի նրանք կարողանան մեծացնել իրենց ներդրումները։