Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։

Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը տարիների ընթացքում ձևավորվել է որպես կայուն և արդյունավետ քաղաքական երկխոսություն, որը ծառայում է ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու զարգացմանը։

Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ ընդգծելով տարեցտարի աճող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև բիզնես կապերի զարգացման դինամիկան։

Երկուստեք կարևորվել է ներդրումային միջավայրի բարելավումը, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և ոլորտային համագործակցության խթանումը՝ էներգետիկայից մինչև տրանսպորտ, զբոսաշրջությունից մինչև նորարարական ոլորտներ։

Հատուկ ընդգծվել է նաև Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև ակտիվ փոխայցելությունների փաստը՝ որպես երկկողմ հարաբերությունների կենդանի ու ամուր հիմք։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ։ Կողմերն ընդգծել են խաղաղության, կայունության և փոխադարձ հարգանքի սկզբունքների կարևորությունը՝ որպես բոլոր պետությունների առաջընթացի և անխոչընդոտ զարգացման կարևոր պայման։

102