
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կամավորական փրկարարական շարժմանն աջակցելու նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Կիրակոսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի ղեկավար Սերգեյ Սահակյանը։ Բացմանը ներկա են եղել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության, մարզային և համայնքային իշխանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հենակետի ստեղծման գործում ակտիվ մասնակցություն է ունեցել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ համայնքին նվիրելով հրշեջ ավտոմեքենա և կազմակերպելով կամավորների վերապատրաստման դասընթացներն ու որակավորման քննությունները։ Ներդրում են ունեցել նաև Արագածոտնի մարզպետարանն ու Թալին համայնքը:
Կամավորների կողմից անցկացվեց վարժանք` ցուցադրվեցին մասնագիտական կարողություններն ու հմտությունները հրդեհաշիջման աշխատանքներում:
ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից կամավորներին տրվեցին փրկարարի գրքույկներ և կրծքանշաններ։
Կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի գործարկումը կարևոր նախաձեռնություն է՝ փրկարարներին արտակարգ իրավիճակների սկզբնական փուլում աջակցելով արագ արձագանքմանը: