Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 12-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերի շուրջ 96 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն կրթամշակութային, ինտերակտիվ և բազմաբովանդակ միջոցառումներ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառումները կդառնան յուրօրինակ հարթակ՝ երիտասարդների ներուժի, ձայնի և ստեղծագործ նախաձեռնությունների ճանաչման, խրախուսման և հանրայնացման համար։

Այս տարվա երիտասարդական մայրաքաղաք Ապարանում Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում կանցկացվեն սպորտային-ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական տաղավարային ցուցադրություններ, բացօթյա վիկտորինա, քվեսթ խաղեր, նկարչական մրցույթ, նորարարական գաղափարների մրցանակների հանձնում և այլն։ Օրը կամփոփվի Ապարանի քաղաքային հրապարակում՝ հայտնի երգիչ Գոռ Սուջյանի համերգով։

ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում ևս նախատեսված են մարզամշակութային բազմապիսի միջոցառումներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, կինոդիտումներ, թատերական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ: Միջոցառումներ են կազմակերպվելու նաև պետական մի շարք կառույցների նախաձեռնությամբ։

Միջոցառումների ծրագիրը կազմվել է Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ անցկացված առցանց հարցման հիման վրա, որի արդյունքում բացահայտվել են երիտասարդների նախասիրությունները, հետաքրքրությունները և ակտիվ մասնակցության նախընտրելի ձևերը։

Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումներն անցկացվում են լայնածավալ գործընկերային համագործակցությամբ՝ համախմբելով պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Երիտասարդական մայրաքաղաք Ապարանի միջոցառումների օրակարգը ձևավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԱՀԿ Հայաստանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, Դը Բոդի Շոփ բրենդի, ինչպես նաև «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, «Ալտերա լաբ» ԿԵՀԿ-ի, «Հավասար» կրթական հիմնադրամի, «Առաջընթաց» երիտասարդական ՀԿ-ի, «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն լաբ» ՀԿ-ի և «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի համատեղ ջանքերով:

Հանրապետության տարածքում միջոցառումները կիրականացվեն ՀՀ մարզպետարանների, համայնքային իշխանությունների և Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ:

Նախարարությունից նշում են, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ 1997 թվականից օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր, որն այս տարի անցկացվում է «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ Կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար» խորագրի ներքո։

88