
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր առաջիկա այցերը Հայաստան և Բելառուս ուղղված կլինեն իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացմանը և ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ մասնավորապես համատեղ ներդրումային նախագծերի առաջմղմանը: Փեզեշքիանն այդ հայտարարությունն արել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը, որը նվիրված է եղել Հայաստանի և Բելառուսի հետ Իրանի հարաբերությունների քննարկմանը:
Նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ քննարկումները կենտրոնացած են եղել առանցքային ոլորտներում հնարավոր համագործակցության վրա, ներառյալ էներգետիկան, տրանսպորտը, առևտուրը, ներդրումները, առողջապահությունը, շրջակա միջավայրը, գիտությունը, մշակույթը և զբոսաշրջությունը:
«Պաշտոնյաները նախանշել են համագործակցության հիմնական խնդիրներն ու հնարավորությունները և քննարկել դրանց լուծման ռազմավարությունները»,-ասված է հաղորդագրությունում:
MEHR գործակալության փոխանցմամբ՝ քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագիրը՝ շեշտը դնելով Իրանի ազգային շահերի պաշտպանության վրա:
«Հանդիպմանը քննարկվել են նաև Իրան-Հայաստան և Իրան-Բելառուս համագործակցության առաջիկա համաձայնագրերն ու հուշագրերը՝ ուղղված դրանց ժամանակին իրականացմանը»,- նշվում է հաղորդագրությունում:
Փեզեշքիանը վերահաստատել է Իրանի հանձնառությունը կառուցողական փոխգործակցության և փոխշահավետության միջոցով տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը և հարևան երկրների հետ կապերի ամրապնդմանը:
Իրանի նախագահի այցը Հայաստան նախատեսված է օգոստոսի 18-ին։ Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի` օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում։