Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզում՝ հետևելու մարզում ընթացող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին:

Այս մասին նախարարը գրել է սոցցանցի իր էջում:

«Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Սիսիանի և Գորիսի համայնքապետերի հետ առաջին օրն այցելեցինք Սյունիքի մարզի Սիսիան համայնք՝ հետևելու կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվող Աշոտավան-Թասիկ-Արևիս 10 կմ երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքներին:

Ապա դիտարկեցինք Վերիշեն - Խոզնավար 18.3 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: 

 

Հաջորդ օրը Կապանում ընթացող դեսպանահավաքի շրջանակներում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործընկերների հետ այցելեցինք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի՝ Քաջարան֊Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածի շինհրապարակ։

Տեղում գործընկերներին եմ ներկայացրել Հանրապետության հարավային հատվածում իրականացված և ընթացքի մեջ գտնվող մեծածավալ աշխատանքները, պատասխանել եմ հարցերին»,- ասված է գրառման մեջ:

204