
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ Հիմնադրամի և CyberHUB-AM-ի կողմից պաշտոնապես գործարկվել է ԿիբեռՉատ հարթակը՝ Հայաստանի առաջին առցանց աջակցման և տեղեկատվական համակարգը, որը նախատեսված է մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների համար։ Հարթակի նպատակն է ապահովել երեխաների և դեռահասների անվտանգությունն առցանց միջավայրում։ Այն գործում և ապահովում է երեք հիմնական խորհրդատվական և աջակցության բնույթի ուղղություններով՝ տեխնիկական, իրավական և հոգեբանական։
«ԿիբեռՉատ հարթակը հասանելի է՝ chat.cyberhub.am հասցեով։ Այն ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում։
Հարթակը ստեղծվել է ի պատասխան աճող սպառնալիքների, որոնք թիրախավորում են երեխաներին և դեռահասներին՝ կիբեռբուլինգի, անձնական տվյալների շանտաժի, հետապնդման, օգտահաշիվները կոտրելու և այլ միջոցներով։
ԿիբեռՉատն առաջարկում է՝
- անանուն առցանց չատ՝ 24/7 հասանելիությամբ.
- թեժ գիծ՝ 055 228811 հեռախոսահամարով.
- ուղիղ կապ Facebook, Instagram, TikTok, Snapchat, Telegram, WhatsApp հարթակներով.
- տեխնիկական, իրավական և հոգեբանական աջակցություն.
- օգտակար նյութեր, ուղեցույցներ և կանխարգելիչ խորհուրդներ:
Ցանկացած երեխա պետք է վստահ լինի, որ առցանց միջավայրում նա պաշտպանված է։ ԿիբեռՉատը այդ վստահության գործիքն է։
Հարթակը մշակված և ադապտացված է ոչ միայն երեխաների և դեռահասների, այլև մեծահասակների կարիքներին համապատասխան, որոնք կարող են հանդիսանալ երեխայի ծնողները, մանկավարժը կամ օրինական խնամակալը։
Ծնողները, ուսուցիչները, հոգեբանները և բոլոր շահագրգիռ կողմերը կարող են օգտվել կայքում առկա ռեսուրսներից՝ երեխաներին աջակցելու և առցանց սպառնալիքներին ճիշտ արձագանքելու համար։
Մանրամասների համար պետք է այցելել՝ chat.cyberhub.am հասցեով կամ պարզապես կապվել հարթակում առկա սոցիալական ցանցերով։
Հարցերի դեպքում դիմել՝ +37455232169, [email protected]»,- նշված է հաղորդագրությունում: