Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի 4-րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչը՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական և ծառայողական շահերի, չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ 2023 թվականին քաղաքացու կողմից Վրաստանի Հանրապետությունից 1 տարի ժամկետով՝ ժամանակավոր ներմուծման ռեժիմով ՀՀ ներմուծված Volkswagen touareg մակնիշի տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետությունից փաստացի չարտահանվելու, ավտոմեքենան ներմուծողի բացակայության պայմաններում 2024 թվականին, վերոհիշյալ գլխավոր մաքսային տեսուչը նույն բաժանմունքի ավագ մաքսային տեսուչի անհատական մուտքանունով և գաղտնաբառով մուտք է գործել՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, որտեղ մուտքագրել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ ժամանակավոր ներմուծված հիշյալ ավտոմեքենան արտահանվել է Հայաստանի Հանրապետությունից և մաքսային մուտքի օրդերին տվել է «փակված» կարգավիճակ: Նշվածի արդյունքում փաստացի տվյալ տրանսպորտային միջոցը մնացել է Հայաստանի Հանրապետությունում և չի մաքսազերծվել, ինչպես նաև վերոհիշյալ քաղաքացին հնարավորություն է ստացել առանց ավտոմեքենան սահմանված կարգով մաքսազերծելու շահագործել Հայաստանի Հանրապետությունում:

Այսպիսով՝ ՊԵԿ պաշտոնյայի կողմից կատարված վերը նշված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11.234.711 ՀՀ դրամի գույքային վնաս: Այդ մասին հայտնում են Հակակոռոպցիոն կոմիտեից:

ՀՀ ՊԵԿ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- նշվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

102