Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Տերյան մշակութային կենտրոն»-ը ուրախ է ազդարարել, որ պաշտոնապես մեկնարկում է «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005 թ․ կոնվենցիայի շրջանակներում գործող` Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) կողմից։ Մեր երկրում ծրագրի համաֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի առաջատար բանկերից մեկի՝ ԱրարատԲանկի կողմից։

Ծրագրի նպատակն է մշակութային և ստեղծարար ձեռներեցության միջոցով ստեղծել եկամուտ ապահովող հնարավորություններ և կայուն զբաղվածություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար։ Ծրագիրը մասնավորապես ուղղված է հատուկ կարիքներով անձանց, նրանց մայրերին և կին ազգականներին, ինչպես նաև նրանց հետ աշխատող մենթոր-մասնագետներին։

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են․

- Հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց աջակցող կառույցների համար հատուկ նախագծված մասնագիտական կրթության կազմակերպում՝ ներառյալ դիզայն, հագուստի մոդելավորում և դեկորատիվ կիրառական արվեստ։

- Մշակութային արտադրանքի որակի բարձրացում՝ ուղղված մասնագիտական չափանիշների և մրցունակության ապահովմանը, տեղական և միջազգային շուկաների ստեղծմանը

- Գովազդային և իրազեկման աշխատանքների իրականացում, ներառյալ հատուկ կայքէջի պատրաստում, տպագրական նյութերի ստեղծում, ինչպես նաև ծրագրի շահառուների կողմից պատրաստված աշխատանքները ներկայացնող մշակութային միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպում։

«Մշակույթ՝ իմ ուղին» նախագծի շրջանակներում իրականացվելու է մասնագիտական վերապատրաստման, արտադրության զարգացման և իրազեկվածության բարձրացման համապարփակ ծրագիր` նպատակ հետապնդելով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց աջակցող կառույցների ներկայացվածությունը Հայաստանի մշակութային կյանքում։ Ծրագրի ընթացքում կազմակերպվելու է 24 աշխատաժողով, որի շրջանակներում ոլորտի մասնագետները կվերապատրաստվեն դիզայնի և ձեռագործ աշխատանքներ պատրաստելու ոլորտում: Այնուհետև կկազմակերպվեն 24 վարպետաց դասեր և համատեղ աշխատարաններ, որտեղ արդեն վերապատրաստված մասնագետները կվերապատրաստեն և կուղղորդեն հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև նրանց մայրերին և կին ազգականներին՝ ցուցասրահային և առցանց վաճառքի համար բարձրորակ արտադրանք ստեղծելու նպատակով։

Ծրագրի շրջանակներում ստեղծված մշակութային արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու նպատակով «Տերյան մշակութային կենտրոնը» կիրականացնի երկամսյա շուկայի ուսումնասիրություն՝ ներառյալ հայկական սփյուռքի շրջանում, բացահայտելու տեղական, տարածաշրջանային և միջազգային շուկաների ներկայիս պահանջարկը։ Ծրագիրը նաև ձեռք կբերի և կսկսի շահագործել պրոֆեսիոնալ տեքստիլ տպագրական սարքավորումներ և կտրամադրի «Տերյան մշակութային կենտրոնի» ապրանքանիշը ծրագրի շահառուների կողմից պատրաստված արտադրանքին։

Հանրային իրազեկումը ծրագրի առանցքային բաղադրիչներից է, որը ներառում է կայքէջի ստեղծում և սոցիալական մեդիա արշավների իրականացում, ծրագրի շահառուների կողմից պատրաստած արվեստի աշխատանքների կատալոգի և բուկլետի տպագրություն, ցուցահանդեսների և իրազեկման միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև ամփոփիչ համերգ՝ հատուկ կարիքներ ունեցող երաժիշտների և ուսանողների մասնակցությամբ։ Ծրագրի շրջանակներում «Տերյան մշակութային կենտրոնում» կստեղծվի մշտական ցուցահանդես, որն անգամ ծրագրի ավարտից հետո կապահովի ծրագրի շահառուների կողմից պատրաստած աշխատանքների շարունակական ներկայացումը։

«Այս ծրագիրն արտահայտում է մեր կազմակերպության երկարամյա հանձնառությունը մշակութային ներառականությանը, մարգինալիզացված և հատուկ կարիքներով անձանց կարողությունների կատարելագործմանն ու արժանապատվությանը», — նշում է «Տերյան մշակութային կենտրոնի» գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) աջակցության շնորհիվ մենք կարող ենք ընդլայնել մեր ազդեցությունը և էական դրական փոփոխություններ բերել ծրագրի շահառուների կյանքում՝ միավորելով մեր ազգային մշակութային ավանդույթը, նորարարությունն ու սոցիալական արդարությունը»։

«Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրն ամբողջությամբ արտացոլում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005 թ․կոնվենցիայի հիմնական նպատակները՝ խթանելով մասնակցությունը մշակութային կյանքին, ինչպես նաև գենդերային հավասարությունը և տեղական ստեղծարար ձեռներեցության մակարդակի բարձրացումը։

Հայաստանում այս փոխակերպող նախաձեռնությունն աջակցություն է ստանում ԱրարատԲանկի առատաձեռն նվիրատվության շնորհիվ, որը 2020 թվականից սկսած արտացոլում է բանկի անշեղ հանձնառություն` աջակցելու սոցիալական ազդեցություն ունեցող ծրագրերին։ ԱրարատԲանկը հավատացած է, որ ֆինանսական միջոցներից առավել կարևոր են մարդիկ, և այս արժեքավոր ներդրումը մարմնավորում է բանկի այդ փիլիսոփայությունը՝ տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ և բարձրացնելով ծրագրի տեսանելիությունն այն համայնքներում, որտեղ դրա կարիքն առավել շատ է զգացվում։ ԱրարատԲանկը հետևողականորեն առաջ է մղել նմանօրինակ նախաձեռնությունները՝ գիտակցելով, որ իրական առաջընթացն արձանագրվում է մարդկանց մեջ ներդրում կատարելու և ավելի ուժեղ համայնքներ կառուցելու միջոցով։ Այս ազգային մակարդակի համագործակցությունը զգալիորեն կընդլայնի ծրագրի հասանելիության շրջանակները, կապահովի դրա երկարաժամկետ կայունությունը և կխորացնի այն համայնքային կապերը, որոնք ստեղծում են կայուն փոփոխություններ։

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) մասին

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամը (IFCD) բազմադոնոր հիմնադրամ է, որը ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ. կոնվենցիայի շրջանակներում։ Այն աջակցում է կայուն մշակութային զարգացման ծրագրերին, որոնք նպաստում են զարգացող երկրներում մշակութային արդյունաբերության ամրապնդմանը։

Մանրամասն տեղեկությունների համար՝

 https://www.unesco.org/creativity/en/international-fund-cultural-diversity

 

303