Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլաոս Ստամպոլիդիսին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Հանդիպման առանցքում Ակրոպոլիս թանգարանում Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ հին Հայաստանին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումն էր, որի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԿԳՄՍ նախարարի՝ Հունաստան կատարած այցի շրջանակում:

«ՀՀ կառավարության առաջնահերթություններից է մշակույթի հանրահռչակումը և միջազգային համագործակցության խթանումը: Ուրախ եմ, որ Հունաստան այցի ընթացքում իրականացրած քննարկումները նոր ընթացք են ստանում: ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի միջև համագործակցությանը՝ համատեղ ցուցահանդեսներ իրականացնելու նպատակով»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Պատմության թանգարանում տեղի է ունենալու աննախադեպ ցուցահանդեսի բացում՝ «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով, որը հնարավոր է դարձել Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցությամբ:

Նիկոլաոս Ստամպոլիդիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել համատեղ ցուցահանդեսի իրականացմանն ուղղված պատրաստակամությունը: Նա նաև նշել է, որ մեծ ուրախությամբ ներկա կլինի «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցադրության բացմանը:

88