Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ Անկախության օրվան ընդառաջ տեղի է ունեցել Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը Մատենադարանին ընծայաբերելու արարողությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործադիր մարմինների, գիտական հանրության ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ:

Այս տարվա հուլիսի 31-ին ՀՀ Կառավարության նիստում ընդունվել է որոշում՝ շուրջ 93 մլն դրամ Մատենադարանին հատկացնելու վերաբերյալ, որով ձեռք է բերվել միջնադարի նշանավոր մատենագիր Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը (13-14-րդ դդ.): Մատենադարանի տնօրենության՝ ամիսներ տևած բանակցության արդյունքում հնարավոր է դարձել ձեռագիրը հանել աճուրդից և նվազեցնել նախնական գինը: Ձեռագրի մուտքը Մատենադարան կդառնա բացառիկ իրադարձություն բոլոր առումներով: Մեծադիր մատյանի մեկ թերթը պահվում էր Մատենադարանում և այսօրվա արարողությամբ այն զետեղվեց մատյանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել այս արարողությանն այն արձանագրմամբ, որ շատ կարևոր մի մատյան հանգրվանելու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: «Սա վերջին տարիներին Կառավարության երկրորդ այսպիսի որոշումն է, իհարկե, Մատենադարանի միջնորդությամբ և հավաստիացմամբ, որ ձեռագիրն իսկապես ունի առանձնահատուկ նշանակություն։ Հասկանալիորեն, երբ այս նախադասությունը հնչում է, մենք չենք կարող երկար մտածել, և մեր մտածումները նրա մասին են, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա մեր ինքնության կարևորագույն հուշարձանների, մատյանների հանգրվանը, մենք առաջնորդվում ենք այն գաղափարաբանությամբ, որ մեր պետությունը մեր ինքնությունն է և մեր պետությունն է մեր ինքնությունը»,- ընդգծել է վարչապետը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ այսօրվա իրադարձությունն ուղիղ կապ ունի այդ հայեցակարգի իրականացման հետ, որովհետև ի սկզբանե, քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում, դրանից առաջ, մեր պետությունն է պայմանավորել մեր ինքնությունը, բայց հետո մեր պատմության բոլորին հայտնի հանգամանքների բերումով՝ պետականության հանգման հետ մեր ինքնությունը, ըստ էության, սփռվել է ամբողջ աշխարհում։ «Եվ հիմա, երբ պետությունը և պետականությունը մեր գաղափարաբանության առանցքում է, ահա մեր պետությունը վերստին գտնում է մեր ինքնության առանցքի դերակատարումը, և հետևաբար, մեր ինքնության համար կարևորագույն հուշարձանները, այսպիսի մատյանները, ամենատարբեր նմուշներ պետք է հանգրվանեն մեր պետության մեջ, որովհետև մեր պետությունը պետք է լինի մեր ինքնության էպիկենտրոնը։ Ես ինչի՞ համար եմ սա ասում, որովհետև իհարկե այն, ինչ տեղի ունեցավ այստեղ, այս մատյանի կողքին գտնվելն ինքնին շատ հուզիչ և էմոցիոնալ պահ է, համոզված եմ բոլորիդ համար:

Բայց ուզում եմ ասել, որ այդ որոշումներն էմոցիոնալ որոշումներ չեն միայն, որովհետև դրանք գիտակցված որոշումներ են, և մենք հասկանում ենք, թե այդ հատկացումները պետական բյուջեից, որ արվում են, որոնք ի դեպ՝ նախապես հասկանալիորեն պլանավորված չեն եղել, ինչի համար են արվում»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ վերջերս հրապարակվել է Իրական Հայաստանի գեղագիտության հայեցակարգի նախագիծը և դրանից հետո շատ քննարկումներ են եղել։ Այդ ի՞նչ է, ի՞նչ է նշանակում Իրական Հայաստանի գեղագիտություն։ Երկրի ղեկավարը նշել է, որ Իրական Հայաստանի գեղագիտություն նշանակում է, այդ թվում՝ այսօրվա իրադարձությունը և որ Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ մեր մշակութային ինքնության, մեր գեղագիտական ինքնության էպիկենտրոնը և առանցքը պետք է լինի, և դա այն քաղաքականությունն է, որը Կառավարությունը վարում է։

«Ճիշտ է, ասվում է շնորհակալություն Կառավարությանը, իհարկե որոշումները կայացնում է Կառավարությունը, բայց շատ դիպուկ է արտահայտությունը, որ իրականում, այդ թվում՝ այսօրվա համար պետք է այդ շնորհակալությունը ամբողջությամբ և անմնացորդ վերահասցեագրենք Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին, որովհետև շնորհակալության խոսքերը, որոնք ուղղվում են Կառավարությանը, ես դա ընկալում եմ պարզապես այդ բոլոր հարկատուներին, հարկ վճարողներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ Կառավարությունն իրեն ընկալում է պարզապես այդ մարդկանց ներկայացուցիչ, որոնք էլ իրական շնորհակալության հասցեատերերն են: Վարչապետը շեշտել է՝ շնորհակալության բոլոր խոսքերը պետք է ուղղել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին, որովհետև նրանք են այսօրվա իրադարձության իրական հեղինակները և, ըստ էության, խոսքը վերաբերում է դահլիճում ներկա գործնականում եթե ոչ բոլոր մարդկանց, առնվազն մեծամասնությանը:

«Սկսած մեր հարգելի երաժիշտներից, ովքեր իրենց աշխատավարձերից եկամտային հարկ են վճարում և մեր մյուս ներկայացուցիչները, մի մասը որպես գործարարներ, մի մասը որպես գործավորներ մասնակիցն են, և առանց ավելորդ համեստության, ես իսկապես, անկեղծորեն այդպես եմ մտածում, որ այդ շնորհակալության իրական հասցեատերերը դուք եք և ես ուզում եմ ձեզ անկեղծորեն շնորհակալություն հայտնել այս մատյանը մեզ, ձեզ, Հայաստանի Հանրապետությանը նվիրելու և Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու համար»,- իր խոսքը եզրափակել է վարչապետ Փաշինյանը։

Հաջորդիվ տեղի է ունեցել ՀՀ անկախության տոնին նվիրված համերգ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:

 

255