Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը Հարավային Կովկասում խաղաղությանը զգալի ներդրում է և ընդգծում է համագործակցության ընդհանուր ձգտումը, ասել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նշենք, որ չերեքշաբթի երեկոյան Ռուսաստանից հացահատիկ տեղափոխող գնացքը առաջին անգամ ժամանեց Հայաստան՝ անցնելով Ադրբեջանով և Վրաստանով։
«Ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը՝ Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքով։ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր առաջին անգամ մեր երկրների միջև հաստատվել է ուղիղ երկաթուղային հաղորդակցություն։ Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, այն վկայում է մեր աշխատանքի մասին՝ ուղղված տարածաշրջանային կայունությանը և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացմանը», - լրագրողներին ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը Հարավային Կովկասի պետությունների հետ, մեծացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների համար հայկական շուկաներին հասանելիությունը, ինչպես նաև բարելավում է ԵԱՏՄ շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։
«Խորհրդանշական է, որ այս երթուղով առաջին բեռը ռուսական հացահատիկն էր՝ կյանքի և արարման ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, որը ևս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և առճակատումից համագործակցության անցնելու համատեղ ցանկությունը», - նշել է Օվերչուկը։
Ալեքսեյ Օվերչուկը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանին, ինչպես նաև իր Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներին` Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված ջանքերի համար։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված համատեղ ջանքերի համար, ինչպես նաև Վրաստանին՝ այս երթուղով բեռնափոխադրումների կազմակերպման գործում իր կառուցողական մասնակցության համար», - լրագրողներին ասել է Օվերչուկը։