Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դեկտեմբերի 9-ի օրվա խորհրդին:

«Իմ հեղինակած օրենքի նախագծով Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ յուրաքանչյուր տարվա օգոստոսի 3–ը նշվում է՝ որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Այս օրը՝ դեկտեմբերի 9-ը, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օրն է։

Հենց դատապարտման և կանխարգելման գործելակերպի շրջանակներում համապատասխան օրենքի նախագիծ առաջարկեցի, որին առանձնահատուկ մոտեցում դրսևորեցին և՛ ՀՀ վարչապետը, և՛ Արտաքին գործերի նախարարը, և՛ առհասարակ մեր ողջ քաղաքական թիմը:

Իսկ դեռևս 2021 թվականին մեր խմբակցությունը միաձայն ընդունեց օրենքի նախագիծ, որով ցեղասպանության կամ մարդկության դեմ կատարված հանցագործությունների ժխտման համար սահմանվեց քրեական պատասխանատվություն:

Ցանկացած ժողովրդավարական երկրի համար ցեղասպանության կանխարգելիչ գործելակերպը նվազագույնը պետք է լինի մարդկության դեմ ուղղված այս ոճիրը բացառելու ճանապարհին։

Մարդկային զարգացման տարբեր շրջափուլերում աշխարհը ականատես է եղել մի շարք ցեղասպանությունների և դժբախտաբար դրանք իրականացվում են նաև այսօր։

Ցավոք՝ հայ և եզդի ժողովուրդները ևս անմասն չեն մնացել այդ դաժան փորձությունից։ Այստեղ էլ իմ երկու ժողովուրդներն ունեն ընդհանրություններ. 1915 թվականին և դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում հայերը կրեցին միլիոնավոր մարդկային կորուստներ, ազգակիցներս ևս այդ իրադարձությունների ժամանակ դաժան փորձությունների միջով անցան։ Գրեթե մեկ դար անց` 2014 թվականի օգոստոսի 3-ին, Սինջարում բնակվող ազգակիցներս՝ ենթարկվելով ցեղասպանության՝ ունեցան հազարավոր զոհեր, դարձան տարագիր, շուրջ 3000 կանանց և աղջիկների ճակատագրերը դեռևս անհայտ են: Առ այսօր իմ բազմաթիվ ազգակիցներ ապրում են վրաններում` տարրական պայմանների բացակայությամբ։

Չափազանց կարևոր եմ համարել և համարում ցանկացած հասարակության լայն համախմբվածությունը՝ ցեղասպանության արդարացումը կամ կատարված ցեղասպանության ժխտումը չհանդուրժելու, նման հակումները խստագույնս դատապարտելու, նոր ցեղասպանությունների իրականացումը բացառելու նպատակով»,- գրել է նա:

473