Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում կմիասնականացվեն և կպարզեցվեն երեխայի ծննդյան միանվագ, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստի ժամանակ։

ՀՀ բարեկեցության և սոցիալական հարցերի նախարարությունից նշել են, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով մի շարք էական նորամուծություններ են նախատեսվում։

Նախագծի ամենակարևոր փոփոխություններից մեկով՝ 2028 թվականի հունվարի 1-ից ծնված երեխաների դեպքում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կդառնա համահարթ։ Այսինքն՝ այն այլևս չի տարբերակվի ըստ ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու կամ գյուղաբնակ լինելու հանգամանքի (ներկայում այս նպաստը կազմում է 31,600 դրամ չաշխատող ծնողի, 37,500 դրամ՝ խնամքի արձակուրդում գտնվող քաղաքաբնակ ծնողի և 69,100 դրամ՝ գյուղաբնակ ծնողի համար)։

Բացի այդ՝ 2028 թվականի հունվարի 1-ից կկրճատվեն նաև նպաստների հետադարձ նշանակման ժամկետները. ուշ դիմելու դեպքում 3-րդ և հաջորդ երեխայի ու խնամքի նպաստները հետադարձով կնշանակվեն միայն նախորդ 3 ամիսների համար՝ գործող 6 և 12 ամիսների փոխարեն (բացառություն է ծնողի մահվան դեպքը, երբ 6-ամսյա ժամկետը պահպանվում է)։

Միասնական 3-ամսյա ժամկետ կսահմանվի նաև ՀՀ–ից բացակայելու հիմքով նպաստը դադարեցնելու համար։ Նախագծով խնամքի նպաստ նշանակելու պարտադիր պայման է դառնում ոչ միայն երեխայի, այլև ծնողի՝ Հայաստանում գտնվելը։

Նախարարությունից վստահեցնում են, որ քաղաքացիների համար կթեթևացվի նաև վարչարարական բեռը. կվերանա 3-րդ և հաջորդ երեխայի, ինչպես նաև խնամքի նպաստների վճարումը շարունակելու համար տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և ՀՀ-ում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու պահանջը։

Ծնողի և երեխայի՝ երկրում գտնվելը կստուգվի ինքնաշխատ եղանակով՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի միջոցով, իսկ ՀՀ վերադառնալու դեպքում նպաստի իրավունքը կվերականգնվի ավտոմատ՝ առանց ծնողի լրացուցիչ դիմումի։

205