Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քենիայում՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում այսօր առաջին անգամ ներկայացվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ համաժողովի՝ #CoP17-ի պաշտոնական տարբերանշանն ու կարգախոսը։

«Սա կարևոր մեկնարկ է #CoP17-ը Երևանում հյուրընկալելու ճանապարհին։

Այս տարբերանշանը միայն պատկեր կամ ձևակերպում չէ։ Այն կրում է մեր միասնական տեսլականը՝ նպատակների ամբողջականության և համատեղ պատասխանատվության մասին։ Հայաստանը պատրաստվում է ընդունել կենսաբազմազանության համաշխարհային համայնքին հստակ համոզմամբ, որ ժամանակն է խոսքերը վերածելու իրական գործողությունների, իսկ համագործակցությունը՝ համակարգային փոփոխությունների։

#CoP17-ի ընթացքում մեր առաջնահերթությունը կլինի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրական և չափելի իրականացումը՝ ազգային քաղաքականությունների, ծրագրերի և գործնական քայլերի մակարդակով։

Միաժամանակ մենք կարևորություն ենք տալիս իրականացման ամբողջ գործընթացի ներառականությանը՝ ապահովելով, որ բնիկ ժողովուրդները և տեղական համայնքները, կանայք, երիտասարդները, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակի ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները լինեն լիարժեք գործընկերներ այս գործընթացում։

Հայաստանի նախագահության ներքո #CoP17-ը նպատակ ունի ամրապնդել սիներգիաները կենսաբազմազանության, կլիմայի և հողային ռեսուրսների պահպանության ոլորտներում՝ նպաստելով քաղաքականությունների փոխլրացմանն ու գործնական արդյունքներին։

Այս ամենը միավորում է մեկ հստակ ուղերձի ներքո՝ ժամանակն է ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ։

Պաշտոնապես ներկայացնելով #CoP17-ի տարբերանշանն ու կարգախոսը՝ համոզված եմ, որ դրանք կդառնան մեր միասնական ջանքերի խորհրդանիշը՝ Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման և բնության հետ ներդաշնակ ապրելու խոստումի ճանապարհին։

Սիրով սպասում ենք բոլորին Հայաստանում՝ միասնական և վճռական՝ գործելով հանուն բնության»,- ասել է նախարարը։

512