Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ակնկալվում է, որ ամերիկյան ընկերությունը TRIPP ծրագրի զարգացման պատասխանատվությունը կստանձնի նախնական՝ 49 տարվա ժամկետով։ Այս մասին ԱՄՆ-ում կայացած հանդիպումից հետո հրապարակված տեսանյութում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով համաձայնության հիմնական պայմանները։

Նրա խոսքով՝ Հայաստանը ԱՄՆ-ին կառաջարկի TRIPP-ի զարգացման ընկերության բաժնեմասի 74 տոկոսը՝ իր մոտ պահելով 26 տոկոսը։

«Ակնկալվում է, որ համագործակցությունը կարող է երկարաձգվել ևս 50 տարով։ Ինչպես ընդունված է նմանատիպ պայմանագրերում, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա և կողմերը գոհ լինեն համագործակցությունից, այն շարունակվում է, իսկ առարկության դեպքում՝ դադարեցվում»,– պարզաբանել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ ներկայում նախատեսվում է, որ 49 տարվա ավարտից հետո համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով, ինչի արդյունքում Հայաստանի Կառավարությանը կհատկացվի լրացուցիչ սեփականություն, և ՀՀ մասնաբաժինը կկազմի 49 տոկոս։

«Այսպիսով, առաջին 49 տարիների ընթացքում ԱՄՆ-ն կունենա 74 տոկոս բաժնեմաս, իսկ Հայաստանը՝ 26 տոկոս։ Եթե կողմերից որևէ մեկը չառարկի երկարաձգմանը, համաձայնությունը կշարունակվի ևս 50 տարով, և արդեն երկրորդ փուլում՝ 50-րդ տարուց մինչև 99-րդ տարին, Հայաստանի բաժնեմասը կբարձրանա՝ դառնալով 49 տոկոս»,– նշել է  Միրզոյանը։ 

705