Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն լրագրողներին հայտնել է, որ հինգշաբթի օրը Սպիտակ տանը կայացած մասնավոր հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը։ Նա չի մանրամասնել, թե արդյոք ամերիկացի առաջնորդը ընդունել է մրցանակը, որը նախկինում բազմիցս ցանկություն էր հայտնել ստանալու։

Fox News-ը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, հաղորդել է, որ նա ընդունել է։ «Կարծում եմ՝ այսօր պատմական օր է մեզ՝ վենեսուելացիներիս համար», - ասել է Մաչադոն Թրամփի հետ իր առաջին անձնական հանդիպումից հետո։

Սպիտակ տնից դուրս գալուց հետո Մաչադոն դիմել է դարպասների մոտ հավաքված կողմնակիցներին և, ըստ Associated Press-ի, իսպաներենով ասել նրանց. «Մենք կարող ենք հույս դնել նախագահ Թրամփի վրա»։ «Ես Միացյալ Նահանգների նախագահին հանձնեցի Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը», - անգլերենով հավելել է լրագրողներին Մաչադոն՝ այս ժեստը անվանելով «մեր ազատության նկատմամբ նրա եզակի նվիրվածության ճանաչում»։

Հիշեցնենք, որ Թրամփը, որը հաճախ էր խոսում Նոբելյան խաղաղության մրցանակը ստանալու իր ցանկության մասին, դժգոհություն էր հայտնել, երբ այն շնորհվել էր Մաչադոյին։ Անցյալ շաբաթ Մաչադոն հայտարարեց, որ մրցանակը կկիսի Թրամփի հետ, սակայն Նոբելյան կոմիտեն պարզաբանեց, որ այն փոխանցել հնարավոր չէ։ «Երբ տրվում է Նոբելյան մրցանակ, այն չի կարող չեղյալ հայտարարվել, բաժանվել կամ փոխանցվել մեկ այլ անձի», - ասվում էր կոմիտեի անցյալ շաբաթ տարածած հայտարարության մեջ: «Որոշումը վերջնական է և մշտական»։

575