Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց, որոնք կարող են խաթարել հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ և վնասել ժողովրդավարությանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետևում է ընտրական գործընթացներին և իր լիազորությունների շրջանակում մշտապես օպերատիվ արձագանքում է առաջացած խնդիրներին, համապատասխան ցուցումներ և պարզաբանումներ տրամադրում ընտրական հանձնաժողովներին, առերևույթ իրավախախտումների հատկանիշներ պարունակող դեպքերում նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից աշխատանքային կարգով իրականացվող ոչ բոլոր գործողությունները և ձեռնարկվող միջոցառումներն են հրապարակայնացվում։ Որոշ դեպքերում դրանց հրապարակայնացումը կարող է վնասել ընտրական գործընթացի մասնակիցների իրավունքներին և օրինական շահերին։

Կոչ ենք անում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատվություն և հրապարակային հայտարարություններում հիմնվել ստուգված փաստերի վրա։

Ընտրական գործընթացի նկատմամբ վստահության պահպանումը բոլորիս պատասխանատվությունն է»,- ասվում է հայտարարությունում։

118