Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մենք նվագում ենք, դուք՝ պարում». Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա իր երաժշտական խմբի հետ հունվարի 30-ին։ Այսպիսի անդրադարձ է կատարել Euronews-ի ռուսական ծառայությունը՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է իր երաժշտական դեբյուտին։
«Ես ձեզ հրավիրում եմ պարահրապարակ։ Մենք նվագում ենք, դուք՝ պարում»,- մեջբերել է կայքը Փաշինյանի խոսքերը։
Շաբաթ օրը նա հրապարակել էր համերգի ամսաթիվը և իր խմբի անվանումը՝ «Վարչաբենդ»։ Euronews-ը բացատրել է բառի կազմությունը․ «վարչա» բառը հայերենից թարգմանաբար նշանակում է «վարչապետ»։
«Հայկական լրատվամիջոցները հաղորդում են, որ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, անցյալ տարի երաժշտության դասեր են վերցրել։ Վարչապետը նվագում է հարվածային գործիքներ, իսկ կինը՝ կիթառ։
Դեկտեմբերի վերջին վարչապետը հրապարակեց տեսանյութ, որտեղ նա նվագում է հարվածային գործիքներ՝ միաժամանակ երգելով իր՝ Հայաստանի մասին բանաստեղծության հիման վրա ստեղծված երգը։
Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի դաշնակահար Նիկոլայ Կուրդյումովը վերջերս հրապարակել է իր և Փաշինյանի համատեղ ելույթի տեսանյութը և հայտարարել առաջիկա ստեղծագործական համագործակցության մասին»,- ասվում է հոդվածում:
Euronews-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հաճախակի տեսանյութեր է հրապարակում սոցիալական ցանցերում՝ երաժշտության նվագակցությամբ։ «Վերջին ամիսներին նա իր հետևորդների հետ կիսվել է իր միջազգային ճանապարհորդություններից տեսանյութերի շարքով, որոնք դարձել են թրենդային և հավաքել միլիոնավոր դիտումներ»։
«Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին: Որոշ դիտորդներ նշում են, որ նրա երաժշտական կերպարի առաջխաղացումը նախընտրական քարոզարշավի մի մասն է, սակայն Փաշինյանին մոտ կանգնած մարդիկ ասում են, որ նա ընտրել է իր լսարանի հետ այսպես շփվելու ձևը»,- եզրափակում է Euronews-ը: