Այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է Սյունիքի սահմանամերձ համայնքների և ճանապարհների անվտանգության ապահովման, սահմանային կետերի տեղորոշման աշխատանքների, քաղաքացիների հնարավոր գույքային վնասների փոխհատուցման գործընթացի և հարակից այլ խնդիրների լուծման ընթացքի մասին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը:

Արձանագրվել են ընթացիկ արդյունքները, քննարկվել են դեռևս առկա խնդիրների հնարավոր լուծումները և հետագա անելիքները՝ ճանապարհային, հաղորդակցության ենթակառուցվածքների բարելավման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և այլ ուղղություններով:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է գործընթացում ներգրավված պատասխանատու մարմիններին՝ արդեն իսկ ձեռնարկվող միջոցառումները, ինչպես նաև խնդիրների գույքագրման և լուծման աշխատանքները շարունակել միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում, որն օպերատիվորեն կարձանագրի պրոբլեմները և լուծումներ կտա:

636