
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խիստ ողջունում եմ, որ ԱԺ ընդդիմադիր թևը լիովին ու ամբողջությամբ ընդունել է ՀՀ գաղափարախոսությունը: Կատարելապե՛ս: Մեր ընդդիմադիր թևը այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք ՀՀ-ից դուրս են, խոսում է միայն ՀՀ ներսի խնդիրների մասին: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսքն ուղղելով խորհրդարանական ընդդիմությանը:
«Այնպես որ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ: Մեր ընդդիմությունն այդ հաղթանակի վառ վկայությունն է»,- ասաց նա:
Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում անձամբ ընդդիմությանը հորդորել է, որ գան իրական Հայաստանի դաշտ և խոսեն իրական խնդիրների մասին:
«Ողջունում եմ, որ դա սկսել եք անել, որ վերջապես էլ չեք խոսում ԼՂ-ից ու մնացածից, ու ձեզ համար առանցքային, քաղաքական բանը մի կողմ եք թողել ու խոսում եք իրական Հայաստանի խնդիրներից, բայց դա էլ որակով արեք, խնդրում եմ»,- ասաց նա: