Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը մարտի 24–ին ԱՄՆ պետքարտուղարությունում հյուրընկալել է Fostering the Future Together խորագիրը կրող գագաթնաժողովը, որտեղ ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Երկրորդ օրը՝ մարտի 25-ին, գագաթնաժողովը տեղափոխվել է Սպիտակ տուն։ Երկօրյա նստաշրջանում Առաջին տիկնոջ, ԱՄՆ կառավարության պաշտոնյաների, տարբեր պատվիրակությունների և տեխնոլոգիական ընկերությունների (այդ թվում՝ Palantir, OpenAI, Adobe, Google, Meta, Zoom, xAI) ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են կլոր սեղան- քննարկումներ՝ միավորելու ջանքերը երեխաների թվային գրագիտության, առցանց անվտանգության ապահովման և արհեստական բանականության ճիշտ կիրառման շուրջ։
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել երկօրյա քննարկումներին, Tech Expo-ում ծանոթացել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ինտերակտիվ ցուցադրություններին:
Միջոցառման շրջանակում դեսպանը կարճատև շփման հնարավորություն է ունեցել նաև ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսի, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Ուոլցի, Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ավագ խորհրդատու և պրոդյուսեր Մարկ Բեքմենի և գագաթնաժողովի այլ մասնակիցների հետ։