Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ես ուզում եմ փաստել, որ ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Մեր Ընտրական օրենսգիրքը տալիս է բոլոր քաղաքական ուժերին բոլոր հնարավոր գործիքակազմերը՝ հետևելու այդ ամբողջ գործընթացին և հավաստիանալու, որ ընտրական պրոցեսները պատշաճ են կազմակերպված, ընդ որում, ընտրատեղամասերում ունենալով վստահված անձինք, ընտրատեղամասում կան նաև դիտորդներ, ընտրատեղամասերում տեսահսկման համակարգով հեռարձակումներ գոյություն ունեն: Կարծում եմ՝ այս ամբողջ պրոցեսի արդյունքում ես գոնե թե չեմ տեսել մինչև այս պահը քաղաքական որևէ ուժի կողմից որևէ ներկայացված արձանագրում, որը կլինի փաստահենք, իրավաչափ, և նմանատիպ պնդման կհանգեցնի: Ես հակառակն եմ ընդհուպ տեսել, որ տարբեր քաղաքական ուժերի կողմից տարբեր փաստեր՝ իրենց գնահատած, հանրայնացվում են, որոնք տարածվում են համացանցում տարբեր օգտատերերի կողմից, և երբ օգտատերերին խնդրում ենք ներկայացնել փաստ՝ ինչի հիման վրա են այդ տվյալը հանրայնացրել, և խնդրում ենք ներկայացնել հանցագործության մասին հաղորդում, օգտատերերը հրաժարվել են ներկայացնել հաղորդում, որովհետև նշել են, որ ուղղակի արտատպել են, օգտագործել են քաղաքական տարբեր ուժերի կողմից օգտագործվող նյութերը: Երբ մենք համադրում ենք այդ նյութերը իրական արձանագրությունների հետ, նկատում ենք, որ որևէ տարբերություն չկա, ընդհակառակը՝ գործընկերները նաև հանդես են գալիս հայտարարություններով և ներկայացնում են, որ սխալմունք կամ վրիպակ է տեղի ունեցել: Մենք շարունակելու ենք մեր մոնիթորինգը ամբողջ ծավալով, և եթե լինեն հարցեր, որոնք կարիք ունեն ռեակցիայի՝ անպայման կտանք»,- նշեց նախարարը: 

ՆԳ նախարարն արձանագրել է, որ բոլոր քաղաքական ուժերը ունեցել են քարոզարշավի իրականացման համար պատշաճ պայմաններ, և անկախ նրանից, թե որ ուժի կողմից է իրականացվել ինչ-որ պրոցես կամ որ քաղաքական ուժի նկատմամբ է իրականացվել որևէ պրոցես, բոլոր հարցերը արձանագրվել են, հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմին, իրականացվում են այս պահի դրությամբ անհրաժեշտ միջոցառումները:

«Կարծում եմ՝ այս տեսանկյունից որևէ մեկը որևէ բողոքի հայտ ներկայացնել չի կարող և եթե ներկայացնի՝ կլինի առարկայազուրկ: Ընտրությունների օրը ևս ամբողջ ծավալով ոստիկանական ռեսուրսը ուղղված է եղել թե՛ ընտրատեղամասերի պահպանությանը, թե՛ ընտրական ընդհանուր պրոցեսների պատշաճ հսկողությանը, որոնք նախարարության մանդատի շրջանակներում են: Բոլոր հարցերը, որոնք եղել են թե՛ մեր տեսադաշտում, թե՛ անձանց կողմից է ներկայացվել հաղորդում, անխտիր բոլորը ներկայացվել են նախաքննական մարմին: Որոշ դրվագներով իրականացրել ենք ստուգողական աշխատանքներ և ստուգողական աշխատանքներով երբ ոչինչ չենք հայտնաբերել, բնականաբար, անիմաստ քննչական մարմիններին չենք ծանրաբեռնել այս տեսանկյունից, և նախարարության մանդատի ներքո կային նաև ընտրացուցակների կազմակերպման, մշակման հետ կապված հարցերը, բազմաթիվ մանիպուլացնող հրապարակումներ նաև այս մասով եղան, բայց, կարծում եմ՝ պարզաբանումները ավելի քան բավարար էին՝ հավաստիանալու, որ դրանք իրականում մանիպուլյատիվ տեղեկություններ էին»,- ասաց Արփինե Սարգսյանը:

185