Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ ՓԳՀ-ի հետ ձևավորված արդյունավետ և վստահելի համագործակցությունը՝ ընդգծելով այդ գործընկերությունն առավել ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքների կարևորությունը։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է փախստականների, ապաստան հայցողների, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, առկա խնդիրներն ու իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ համագործակցության կարևորությունն ու շարունակականությունը։

Անահիտ Մանասյանը նշել է, որ Պաշտպանի նախաձեռնությամբ ձևավորվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ, որը նպատակ ունի մեկ հարթակում համախմբել ոլորտով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին, փորձագետներին և այլ շահագրգիռ կողմերին։ Այդ համատեքստում Պաշտպանը կարևորել է ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով կազմակերպության առանցքային դերը Փախստականների խորհրդի արդյունավետ գործունեության ապահովման հարցում։

Պաշտպանը նաև ընդգծել է, որ Խորհուրդը նպատակ ունի հասցեավորել փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող խնդիրները, ինչպես նաև նրանց ձայնն ավելի լսելի դարձնել իրենց վերաբերելի որոշումների քննարկման և կայացման գործընթացներում։

 

Մոնիկա Սանդրին բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության, նրանց բարօրության ապահովման և արժանապատիվ կյանքի խթանման հարցում։

Մոնիկա Սանդրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել սերտ համագործակցությունը՝ բարձր գնահատելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

107