Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է. 

Կիևյան կամուրջի նորոգման ու ամրացման աշխատանքները արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են: Քաղաքի երկու հատված միացնող այս կարևոր հանգույցի փակումը, իհարկե, չէր կարող չանդրադառնալ առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկության վրա, բայց այս ժամանակահատվածը, թերևս, ամենաօպտիմալն էր՝ հաշվի առնելով արձակուրդի շրջանը: Ի սկզբանե քաղաքապետարանն իրազեկել էր երթևեկությունը վերակազմակերպելու մասին, հրապարակել նաև փոփոխված երթուղիները, բայց, որպես կանոն, նման դեպքերում, մի որոշ շրջան է պահանջվում երթևեկությունը ժամանակավոր տրամաբանության հուն բերելու համար:

Շատ վարորդների և քաղաքացիների դժգոհությունն, այո, սպասելի էր և, միանգամայն, բնական, բայց նման մասշտաբային աշխատանքների համար, երթևեկության այս ծանրաբեռնվածության ու մեքենաների ահագնացող հոսքի պարագայում, հավատացեք, ավելի համար ժամանակահատված դժվար է գտնել՝ հաշվի առնելով, որ կամուրջի նորոգումն ու ամրացումն, իսկապես, անխուսափելի ու անհետաձգելի էր: Փոփոխվում են դեֆորմացիոն կարերը, ապահովվում է ջրամեկուսացումը, տեղադրվում է ասֆալտբետոնի նոր ծածկ, նորոգվում են մայթերն ու բազրիքները, վերականգնվում կառուցվածքների պաշտպանիչ շերտերը:

Այս աշխատանքերի պատճառած անհարմարություններից դժգոհ մարդկանց կողքին, անշուշտ, կան նաև կամուրջի նորոգման անհրաժեշտությունը գիտակցող և ներողամիտ քաղաքացիներ: Արդյունքում մենք կունենանք ավելի հարթ, անվտանգ, հարմարավետ երթևեկություն, իսկ որ ամենակարևորն է՝ կապահովենք կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն: Եկեք մի փոքր համբերատար լինենք, զերծ մնանք մանրախնդիր դատողականությունից ու որակումներից, անհեթեթ մեկնաբանություններից և առաջնորդվենք Երևանի ու երևանցիների տրանսպորտային անվտանգությանն ուղղված այս կարևոր հեռանկարի հանդեպ լավատեսությամբ:

90