Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Հայաստան, հայտնում է Politico-ն՝ հղում անելով ծրագրերին ծանոթ երեք աղբյուրների։

ԵՄ պատվիրակության կազմում կլինի նաև Մարտա Կոսը։ Այցը դիտարկվում է որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի աջակցություն այն բանից հետո, երբ նրա քաղաքական ուժը վճռորոշ հաղթանակ տարավ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում. գրում է պարբերականը։

«Ընտրարշավն ուղեկցվել է ընտրական գործընթացին միջամտության և ձայների գնման վերաբերյալ մեղադրանքներով։ Հայաստանի իրավապահները ձերբակալել են ավելի քան 40 մարդու՝ ենթադրյալ սխեմայի շրջանակում, որում, ըստ տեղեկությունների, ներգրավված են եղել ընդդիմադիր կուսակցությունների հետ կապ ունեցող անձինք»,- շեշտում է Politico-ն։

Պարբերականը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Եվրամիությունը հաստատել է, որ Հայաստանին կտրամադրի 34 միլիոն եվրո եվրոպական շուկաներ արտահանման դիվերսիֆիկացմանն աջակցելու նպատակով։ 

Նշվում է, որ հուլիսի 1-ին նախատեսված այցը, որի վերջնական մանրամասները դեռ համաձայնեցված չեն, նպատակ ունի խորացնել կապերը Եվրամիության հետ։

«Այդ այցը կդառնա աջակցության հզոր ազդակ՝ շարունակելով արդեն իսկ ցուցաբերված գործնական աջակցությունը»,- ասել է նախատեսվող այցի կազմակերպման վրա աշխատող ԵՄ պաշտոնյան՝ անանունության պայմանով։ Նույն պայմանով են խոսել նաև այցի նախապատրաստական աշխատանքներին ծանոթ մյուս աղբյուրները։ Նրանց խոսքով՝ այցի հիմնական ուղերձը հետևյալն է լինելու. «Եվրոպան ձեր կողքին է»։

Այցը հետևանքներ կունենա նաև Բրյուսելի համար։ Երկու պաշտոնյաների տվյալներով՝ դրա պատճառով չեղարկվել է հուլիսի 1-ին նախատեսված Եվրահանձնաժողովի հանձնակատարների կոլեգիայի նիստը։ Արդյունքում հետաձգվել կամ փոփոխության է ենթարկվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդունումը։ 

Առաջիկա շաբաթվա այցը ֆոն դեր Լայենի երկրորդ այցը կլինի Հայաստան վերջին երկու ամսվա ընթացքում։ Մայիսին նա Երևանում մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը հյուրընկալում էր Հայաստանը, իսկ այնուհետև մասնակցել էր ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովին։

 

 

 

211