Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում և Գյումրիում հունիսի 22-28-ն անցկացվում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում ներկա է եղել փառատոնի շրջանակում անցկացված պրեմիերաների. Սանկտ Պետերբուրգի «Կաննոն դանս» ժամանակակից թատրոնը ներկայացրել է «Ֆրեյա. Սիրո պարադիգմը» (Լիլիթ Հակոբյան, Գերմանիա) և «Թիթեռ» (Յո Ստրոմգրեն, Նորվեգիա) ներկայացումները։

 

Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և նշել, որ SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ անցկացվող ծրագրերից է, որն իր ուրույն տեղն ունի հայաստանյան պարային արվեստի ոլորտում:

 

Անդրադառնալով փառատոնի կարևորությանը՝ նախարարի տեղակալն ընդգծել է այն բաղադրիչները, որոնք փառատոնին բերում են հեղինակություն և ապահովում շարունակական ընթացք:

 

«Առաջին բաղադրիչը, որը մենք կարևորում ենք, դա հայկական պարարվեստում ստեղծագործականության խթանումն է, նոր պարային ներկայացումների ստեղծումը և Հայաստանում ժամանակակից պարարվեստի զարգացումն ու հանրահռչակումը: Երկրորդ բաղադրիչը՝ փառատոնի միջազգային կարգավիճակն է. այն մեծ հնարավորություններ է տալիս ստեղծելու միջազգային կապեր և ամրապնդելու համագործակցությունն արտերկրի արվեստագետների հետ: Նրանց ելույթները Հայաստանում և հայ արվեստագետների աշխատանքները միջազգային ասպարեզում ցույց են տալիս, որ համահունչ ռիթմերով քայլում ենք ամբողջ աշխարհով՝ ներկայացնելով մեր արվեստը: Երրորդ կարևոր հանգամանքը՝ ԿԳՄՍ նախարարության մշակույթի ապակենտրոնացման քաղաքականության իրականացումն է փառատոնի միջոցով: Կազմակերպիչները տարիներ ի վեր մարզերում իրականացնում են ծրագրեր և հանդիսատեսը տեղում հնարավորություն ունի հաղորդակից լինելու բարձր արվեստին, ծանոթանալու ժամանակակից հայ պարարվեստի նոր միտումներին։ Այս տարի այն կանցկացվի նաև Գյումրիում: Առանձնակի պետք է շեշտադրեմ նաև փառատոնի կրթական բաղադրիչը: 2025 թվականին մեկնարկած SumMeet4Kids ծրագիրն այս տարի կանցկացվի Գյումրիում՝ ներգրավելով մանկական և պատանեկան տարիքի պարողներին Արթուր Գալիմուլինի (Ղազախստան) և Մաքսիմ Մինկոյի (Ռուսաստան) ղեկավարմամբ։ Աշխատարանների ընթացքում ստեղծված ներկայացումը կցուցադրվի Գյումրիում։ Երեխաները կմասնակցեն վարպետաց դասերի և կներկայացնեն իրենց աշխատանքները»,- նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, մասնակիցներին, հանդիսատեսին փառատոնի կայացման գործում ունեցած դերակատարության համար:

 

Փառատոնի շրջանակում նախատեսված է «Հայկական պարադիտում» (Armenian Showcase) ծրագրի ներկայացումը, որը տեղի կունենա հունիսի 27-ին «Փոքր թատրոնի», իսկ հունիսի 28-ին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի բեմերում:

 

«Կինոպար» նախագծի շրջանակում կցուցադրվեն միանգամից երեք՝ «Կոմիտասի երգերը», «Ի լույս հազար» և «Աշերա» ֆիլմերը։

 

Փառատոնի ծրագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև մեկանգամյա հատուկ ցուցադրությունը՝ հիմնված Միխայիլ Կորոլի «Սուրբ Աշերայի երգերը» պոեմի վրա։

 

Փառատոնի նպատակն է միջազգային համագործակցության, կրթական ծրագրերի և մշակութային տարածքների հասանելիության ընդլայնման միջոցով Հայաստանում խթանել ժամանակակից պարի կայուն զարգացումը՝ հատկապես ներգրավելով պատանի ստեղծագործողներին, երիտասարդ պարողներին և տարածաշրջանային համայնքներին

116