Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Բնության պահպանության միջազգային միության Հայաստանի ազգային կոմիտեի (IUCN NCA) հիմնադրման հանդիսավոր արարողությունը։ Այս կարևոր քայլով Հայաստանը պաշտոնապես միավորում է իր բնապահպանական ներուժն աշխարհի ամենախոշոր և հեղինակավոր բնապահպանական ցանցի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Հայաստանը, լինելով Կովկասյան և Իրանա-Անատոլիական կենսաբազմազանության «թեժ կետերի» խաչմերուկում, կանգնած է կլիմայի փոփոխության և էկոհամակարգերի պահպանության լուրջ մարտահրավերների առաջ։ Ազգային կոմիտեի ստեղծումը կարևոր հարթակ է պետական կառույցների, գիտական համայնքի և քաղաքացիական հասարակության համագործակցության համար՝ հատկապես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ։

 

Միջոցառման ընթացքում հիմնադիր անդամները ստորագրեցին «IUCN Հայաստանի ազգային կոմիտեի տեսլականն ու առաքելությունը» փաստաթուղթը։

 

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը բացման իր խոսքում կարևորեց կոմիտեի ստեղծումը՝ նշելով. «Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մաս կկազմի ազգային կոմիտեի աշխատանքներին, քանի որ դրա նպատակներն ու գործունեությունը համահունչ են ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ COP17-ը բացառիկ հնարավորություն է՝ ներկայացնելու Հայաստանի առաջնահերթությունները, ամրապնդելու միջազգային գործընկերությունը և մեր ներդրումն ունենալու կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգում»։

 

Բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, IUCN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Օլիվեր Ավրամովսկին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ ընդգծելով ազգային կոմիտեի նշանակությունը Հայաստանի բնապահպանական օրակարգի առաջմղման և միջազգային համագործակցության ընդլայնման գործում։

 

Ազգային կոմիտեի գործունեությունը միտված է բնապահպանական քաղաքականությունների համակարգմանը, փորձագիտական գիտելիքի և միջազգային փորձի փոխանակմանը, IUCN-ի կառավարման գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավմանը, ինչպես նաև բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը։

 

«Տեսլական և առաքելություն» փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), «ԱրԱվես» և «Արևորդի» հասարակական կազմակերպությունները։

156