Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում կայացած «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն» (Sustainable Ocean Initiative Global Dialogue) բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը, որտեղ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի, առաջնահերթություններն ու տեսլականը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Նախարարն ընդգծել է, որ թեև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, օվկիանոսի ապագան մեր բոլորի ընդհանուր պատասխանատվությունն է։ Օվկիանոսներում տեղի ունեցող գործընթացներն անմիջական ազդեցություն ունեն կլիմայի, ջրային ռեսուրսների, էկոհամակարգերի կայունության և, ի վերջո, մարդկանց բարեկեցության վրա՝ անկախ աշխարհագրական սահմաններից։

 

Նախարարը ներկայացրել է Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահության տեսլականը՝ կարևորելով Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Բաց ծովերի կենսաբազմազանության մասին համաձայնագրի (BBNJ Agreement) միջև փոխլրացնող համագործակցության ամրապնդումը։ Այս տարի ուժի մեջ մտած BBNJ համաձայնագիրը կարևոր նոր փուլ է բացում գլոբալ օվկիանոսային կառավարման ոլորտում, իսկ հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ը կդառնա Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համապարփակ գնահատման հարթակը։

 

Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ այժմ ռաջնահերթությունը ոչ թե նոր պարտավորությունների ստանձնումն է, այլ արդեն ընդունված որոշումների արդյունավետ իրականացումը։ Այդ համատեքստում նախարարն առանձնացրել է համագործակցության մի քանի կարևոր ուղղություններ՝ ծովային պահպանվող տարածքների և այլ արդյունավետ տարածքային պահպանության միջոցների զարգացումը, ծովային գենետիկական ռեսուրսների պահպանության ոլորտում միջազգային գործընթացների փոխհամաձայնեցումը, ինչպես նաև գիտության, նորարարության, տվյալների հասանելիության և կարողությունների զարգացման կարևորությունը։

 

Նախարարը վերահաստատել է, որ Հայաստանի նախագահությունը շարունակելու է խթանել համագործակցությունը, գիտահեն որոշումների ընդունումը, էկոհամակարգային կառավարման մոտեցումները և բազմակողմ գործընկերությունը՝ առաջնորդվելով մեր նախագահության կարգախոսով՝ «Գործենք հանուն բնության»։

 

Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ Սեուլում անցկացվող այս երկխոսության արդյունքները կարևոր ներդրում կունենան ինչպես գլոբալ օվկիանոսային կառավարման, այնպես էլ կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղման գործում, ինչպես նաև շարունակել այս աշխատանքը Երևանում կայանալիք COP17-ի շրջանակում։

75