Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը, ՋԿ ղեկավար աշխատակիցների, Շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործընկերների հետ միասին, հուլիսի 6-10-ն ճանաչողական այցով գտնվել է Ճապոնիայում, որտեղ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան-Ճապոնիա գործընկերություն՝ հանուն լճերի կայուն կառավարման և կայուն քաղաքաշինության» խորագրով փորձի փոխանակման ծրագրին։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:

Այցը կազմակերպվել էր ԱԶԲ-ի կողմից, ֆինանսավորվել՝ Ճապոնիայի կառավարության կողմից, իսկ տեղում պատվիրակությանն աջակցել է Ճապոնիայի ենթակառուցվածքների զարգացման ինստիտուտը (Infrastructure Development Institute of Japan)։ Այցի շրջանակում հայկական պատվիրակությունն ուսումնասիրել է Ճապոնիայի փորձը ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման, ջրային ենթակառուցվածքների զարգացման, կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև լճերի կայուն պահպանման ոլորտներում։

Հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի ոլորտային պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ճապոնիայի Հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունում (MLIT) Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է փոխնախարար Կոջիմա Մասարուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը և ջրային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ինչպես նաև ուսումնասիրվել են գետերի և ջրհավաք ավազանների կառավարման համակարգերն ու մոտեցումները։

Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել Համաշխարհային բնապահպանության վարչության ղեկավարի տեղակալ տ-ն Մասակո Օգավայի հետ։ Քննարկումների ընթացքում ներկայացվել են Ճապոնիայում լճերի և ջրային էկոհամակարգերի պահպանության, ջրի որակի բարելավման, աղտոտման կանխարգելման և շրջակա միջավայրի կայուն կառավարման ոլորտներում իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը։

Այցի ընթացքում Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել են Հայաստանի ջրային ոլորտում իրականացվող բարեփոխումների առաջնահերթությունները, ջրային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ինչպես նաև Սևանա լճում և Երևանյան լճում առկա խնդիրներն ու ծրագրվող աշխատանքները։

Պատվիրակության հաջորդ այցը եղել է Ճապոնիայի Շիգայի պրեֆեկտուրա, որտեղ հանդիպում է տեղի ունեցել փոխնահանգապետ Ազումա Մասարուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ավազանների կառավարման, ջրի որակի պահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում կիրառվող մոտեցումները։

Շիգայում հայկական պատվիրակությունը ծանոթացել է Ճապոնիայի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Բիվայի, պահպանման և կառավարման փորձին, լճի էկոհամակարգի և ջրի որակի պահպանմանն ուղղված գործնական լուծումներին, ջրի նմուշառման և լաբորատոր հետազոտությունների կարողություններին։

Հայաստանյան միջգերատեսչական պատվիրակությունն այցելել է նաև՝

Բիվա լճի շրջակա միջավայրի հետազոտական ինստիտուտ, որտեղ ներկայացվել են գիտական հետազոտությունների, շրջակա միջավայրի մշտադիտարկման և տվյալների վրա հիմնված կառավարման մոտեցումները։

Բիվա լճի գետային գրասենյակ, որտեղ նրանց ներկայացվել է Բիվա լճի համապարփակ զարգացման ծրագիրը և քննարկվել ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման մեխանիզմները։

Բիվա լճի թանգարան, որտեղ խումբը ծանոթացել է բնապահպանական կրթության, հանրային իրազեկման, քաղաքացիական գիտության (citizen science) և հասարակության ներգրավման ծրագրերին։

Միջազգային լճային միջավայրի կոմիտե (ILEC), որտեղ քննարկվել են լճային ավազանների ինտեգրված կառավարման մոտեցումները։

Դաշտային այցերի շրջանակում պատվիրակությունը ծանոթացել է նաև Բիվա լճի էկոհամակարգի պահպանության գործնական ծրագրերին, այդ թվում՝ լճի 51 կետերից իրականացվող ամենշաբաթյա նմուշառման մեթոդաբանությանը և եղեգնուտների պահպանման տարածքների կառավարմանը, որոնք կարևոր դեր ունեն ձկների ու այլ ջրային օրգանիզմների բնակավայրերի և բազմացման միջավայրերի պահպանության գործում։

Առանձին ուշադրություն է դարձվել գյուղական և ծայրամասային բնակավայրերում կիրառվող կեղտաջրերի մաքրման ապակենտրոնացված կայաններին։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Ճապոնիա մասնագիտական համագործակցության խորացման, փորձի փոխանակման, նորարարական տեխնոլոգիաների կիրառման և ջրային ռեսուրսների կայուն կառավարման ուղղությամբ հետագա համագործակցության հնարավորությունները։

Այցի շրջանակում Ջրային կոմիտեի նախագահը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանի հետ, ծանոթացել է դեսպանատան գործունեությանն ու աշխատանքային պայմաններին։ Դեսպանը Ղալամքարյանին է ներկայացրել Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին։

Ճապոնիայի առաջատար փորձի, կառավարման արդյունավետ մեխանիզմների և նորարարական լուծումների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի ջրային ոլորտի զարգացման, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման համար։

194