Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ չորս տղամարդ՝ երկուսը Երևանի, երկուսը՝ Կոտայքի մարզի բնակիչ, ապօրինի ձեռք բերում և իրացնում են թմրանյութ։

Հուլիսի 29-ին՝ ժամը 18․50-ին, մայրաքաղաքի Նազարբեկյան փողոցում քրեական ոստիկանները չորսին էլ ձերբակալեցին և 33-ամյա երևանցու վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։

«Նետա» մակնիշի մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։
Ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքով կաթուցիչ և մարիխուանայով փաթեթ։ Տղամարդիկ խոստովանեցին, որ տելեգրամ հավելվածի միջոցով ձեռք են բերել թմրանյութ, որը պետք է իրացնեին։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ «Նետա» մակնիշի մեքենայում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 335 գրամ զանգվածով փաթեթ։

Օգոստոսի 1-ին խուզարկություն կատարվեց նաև Երևանի Հալաբյան փողոցի բնակիչ 29-ամյա տղամարդու տանը։ Հայտնաբերվեց կպչուն ժապավենով 30 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 20 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

216