Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի համար Եվրամիության ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնի վաղը՝ հոկտեմբերի 10-ին․ «Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված հրատապ իրավիճակը՝ սույն կանոնակարգը պետք է ուժի մեջ մտնի Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում դրա հրապարակմանը հաջորդող օրը և կիրառվի երկու տարի ժամկետով»,- նշված է փաստաթղթում։
Ըստ փաստաթղթի՝ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումները նախատեսում են ad valorem՝ ըստ արժեքի հաշվարկվող ներմուծման մաքսատուրքերի վերացում։ Դրանք պետք է նման լինեն ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+) ծրագրի շրջանակում նախատեսված մաքսատուրքային արտոնություններին՝ որոշակի ճշգրտումներով, այդ թվում՝ որոշ զգայուն ապրանքների բացառմամբ։
Շեշտվում է, որ Եվրոպական կառույցների որոշման նպատակն է ընդլայնել Հայաստանի և ԵՄ-ի միջև առևտրային հոսքերը, խորացնել տնտեսական կապերն ու աջակցել առևտրի և տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Փաստաթղթում նշվում է, որ միջոցառումները համահունչ են Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և 2025 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունված՝ ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգին։
Միաժամանակ, ութ գյուղատնտեսական ապրանքատեսակի համար նախատեսվում է մաքսատուրքերի վերացում՝ սահմանված սակագնային քվոտաների շրջանակում։
Կանոնակարգի համաձայն՝ Հայաստանից ծագող՝ փաստաթղթի I հավելվածում ներառված ապրանքները կազատվեն ԵՄ ներմուծման արժեքային մաքսատուրքերից։ II հավելվածում ընդգրկված ապրանքների համար ևս նախատեսվում է մաքսատուրքերի վերացում, սակայն՝ սահմանված սակագնային քվոտաների շրջանակում։
Մաքսատուրքերի արտոնություններից օգտվելու համար Հայաստանը պետք է պահպանի ապրանքների ծագման կանոնները և ապահովի ԵՄ-ի հետ արդյունավետ վարչական համագործակցություն՝ այդ թվում խարդախության ռիսկերը կանխելու նպատակով։
Կանոնակարգով նախատեսված է նաև արտոնությունների ժամանակավոր կասեցման հնարավորություն։ Եթե Եվրահանձնաժողովը բավարար ապացույցներ ունենա, որ Հայաստանը չի կատարում սահմանված պայմանները, այն կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել առևտրի ազատականացման միջոցառումները։ Բացի այդ, եթե հայկական ապրանքների ներմուծումը բացասաբար անդրադառնա ԵՄ-ի կամ դրա անդամ պետությունների շուկաների վրա, Հանձնաժողովը կարող է պաշտպանական միջոցներ կիրառել։
Կանոնակարգը կգործի մինչև 2028 թվականի հոկտեմբերի 11-ը։