Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 4-ին Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հետ բարեկամության խորհրդարանական խմբի կազմավորման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
«Միջոցառմանը մասնակցեցին խմբի նախագահ, պատգամավոր Մարիա Լուիսա Գոնսալես Էստեվարենան, խմբի անդամները, Պատգամավորների պալատի միջազգային և ինստիտուցիոնալ հարաբերությունների վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանը և դեսպանության երրորդ քարտուղար Ռուզաննա Ազրոյանը։
Դեսպան Վիրաբյանը շնորհակալություն հայտնեց պատգամավոր Գոնսալես Էստեվարենային՝ Արգենտինա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահի պարտականությունները ստանձնելու, իսկ մյուս պատգամավորներին՝ խմբին անդամակցելու համար։ Նա նաև առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց խմբի նախկին նախագահ, պատգամավոր Լիլիա Լեմոյնեին՝ նախորդ երկու տարիների ընթացքում ծավալված արդյունավետ և սերտ համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին հայ-արգենտինյան միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։ Մասնավորապես, քննարկվեցին բարեկամության խորհրդարանական խմբի շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, նախանշվեցին ապագա համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները։ Երկուստեք ընդգծվեց նաև Արգենտինայի հայ համայնքի նշանակալի դերը՝ որպես երկու երկրների միջև բարեկամության, փոխըմբռնման և բազմաոլորտ համագործակցության ամրապնդման կարևոր կամուրջ։
Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանի և Արգենտինայի միջև միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանը և երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել խորացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։