Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հռոմի պապ Լևոն XIV-ը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում կոչ է արել Փարիզին նպաստել աշխարհում երկխոսությանն ու դիվանագիտությանը՝ այն պայմաններում, երբ աշխարհը բախվում է սպառազինությունների մրցավազքի նոր փուլի։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

«Ավելի ու ավելի է տարածվում այն սխալ համոզմունքը, թե միջուկային զենքի տիրապետումը անվտանգության երաշխիք է։ Սակայն իրականում այն խթանում է սպառազինությունների նոր մրցավազք, որը դժվար է վերահսկել»,- ասել է քահանայապետը՝ իր ելույթի ընթացքում։

Նա նշել է, որ երբեք չպետք է համակերպվել պատերազմի հեռանկարի հետ՝ այն անխուսափելի համարելով։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «նպաստել երկխոսությանն ու դիվանագիտությանը՝ հանուն խաղաղության ձգտող այն հասարակությունների պաշտպանության, որոնք հարգում են մարդկանց և ժողովուրդների արժանապատվությունն ու իրավունքները»։

Ելիսեյան պալատում ունեցած ելույթի ժամանակ Հռոմի պապը նշել է, որ աշխարհում տիրող «զենքերի զրնգոցի և բազմաբնույթ ճգնաժամերի» պայմաններում Ֆրանսիան պետք է մնա խաղաղության և բազմակողմանիության անդադրում կերտող, մասնավորապես՝ «մեր թանկագին Եվրոպայում»։

77